Թուրքիայի գլխավոր օմբուդսմենը կմեկնի Ուկրաինա և ՌԴ

Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը ծրագրում է այս շաբաթ այցելել Ուկրաինայում ռուս գերիների պահման վայրեր, ինչպես նաև հանդիպել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նախ՝ մենք կստուգենք Ուկրաինայի պատերազմական գոտիները, կգնանք Օդեսա, կհանդիպենք տեղահանվածների ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել գաղթել պատերազմի պատճառով, կհանդիպենք Ռուսաստանում գերի ընկած ուկրաինացի զինվորների ընտանիքների հետ, կհանդիպենք նախագահ Զելենսկու հետ»,- ասել է նա:

Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության հետ նախատեսում է հանդիպել Ուկրաինայում ռուս ռազմագերիների հետ, գնահատել իրավիճակը գերիների ճամբարներում՝ մարդու իրավունքների հարգման և պահման պայմանների համապատասխանության տեսանկյունից։

Մալքոչը հայտնել է նաև, որ հետագայում պատրաստվում է նման այց կատարել նաև Ռուսաստանի Դաշնություն՝ ուկրաինացի գերիների պահման վայրեր:

«Այս հարցում մենք կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ»,- ասել է նա։

Այդ ստուգումների արդյունքների հիման վրա Մալքոչը նախատեսում է զեկույցներ պատրաստել և ներկայացնել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարությանը և ուղարկել միջազգային կազմակերպություններին։