Ռուսաստանը «մարդասիրություն» դրսևորեց և ազատ արձակեց դաժան սպանության համար ՀՀ կողմից հետախուզվող ադրբեջանցուն

Քամիլ Զեյնալին ազատ է արձակվել. նա այսօր կվերադառնա Բաքու։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Քամիլ Զեյնալիի փաստաբան Ալեքփեր Գարաևը։

«Չնայած նրան, որ Հայաստանը Քամիլի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, և նրա դեմ շատ լուրջ մեղադրանքներ են առաջադրված, Ռուսաստանը հումանիզմ դրսևորեց։ Ադրբեջանական պետության աջակցությամբ և համառությամբ Քամիլ Զեյնալին այսօր կվերադառնա Ադրբեջան։ Ուստի ես շնորհակալ եմ բոլորին դրա համար: Շատ ջանք թափվեց դրա համար: Մասնավորապես, իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը և անձամբ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։ Նրանք իսկապես մեծ աշխատանք են կատարել»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալին, նա ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձնվել Հայաստանին։