Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Մայրենի լեզվի միջազգային օր ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թ․ նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թ․ փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են։
Լեզուն բացի հաղորդակցման գլխավոր միջոցը լինելուց՝ յուրաքանչյուր ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, այդ ազգի մշակույթի ու պատմության կրողը։
Մեծերը հայոց լեզվի մասին
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհաննես Թումանյան
Մեր լեզուն բարձր լեռներից և խորունկ ձորերից ծնած լեզու է, բարձունքների և խորությունների լեզու:
Ավետիք իսահակյան
Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս:
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել։
Էդմոնդ Շուց, հունգարացի բանասեր
․․․․Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերէնը բացառիկ է… նախ՝ որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դյուրութիւններով:
․․․․Զբաղմունքներուս նի՞ւթը այսօր: Մէկն ու միակը` հայերէնը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորութիւն ունի ազատորեն և ստոյգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները եւ բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկեանը նվիրված է այդ ուսումնասիրութեանը:
Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ
Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:
Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ

