Ադրբեջանի ԱԳՆ-ը արձագանքել է Մյունխենում Փաշինյանի հայտարարությանը՝ կրկին պնդելով ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Մյունխենում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արտահայտությունները մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը և ափսոսանք առաջացնում Բաքվի մոտ:

«Հայաստանի վարչապետը հայտարարում է ոչ թե Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնությունների անհիմն լինելու, այլ գործողությունների անխոհեմության մասին, որոնք չպետք է շարունակել միայն այն պատճառով, որ դրանք չեն աջակցվում միջազգային հանրության կողմից: Սա ևս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի հավակնությունները դեռևս շարունակվում են։ Այդ կապակցությամբ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերում արտացոլված պահանջները մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է վերացվեն»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Փաշինյանը նախօրեին հանդիպելով Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ հայտարարել էր․ «Մենք միջազգային հանրությանը ասել ենք, որ մեր ինքնորոշման իրավունքով Ղարաբաղը պետք է լինի անկախ։ Նրանք էլ ասում էին, որ ինքնորոշման իրավունքն իրենք են ստեղծել։ Մեզ թվում էր, թե մենք հակամարտության մեջ ենք Ադրբեջանի դեմ, բայց այդ հակամարտությունն իրականում մենք վարել ենք ամբողջ միջազգային հանրության դեմ, ինչը խելամիտ չէ»։