Երևանում մոտ 30 %-ով կավելանան մանկապարտեզների դայակների, տնօրենների աշխատավարձերը

«Ես ուզում եմ մի քանի հայտարարություն անել։ Սիրելի երևանցիներ, դուք տեսնում եք, որ Երևան քաղաքում տասնյակներով հիմնանորոգվում են մանկապարտեզներ, մեր երեխանրը արդեն հաճախում են բարձր պայմաններով մանկապարտեզ և այնտեղ ծառայություններն ավելի բարձր որակով են կատարվում»,-Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնեց, որ հանրակրթական ոլորտում կատարվել է տարբեր վերանայումներ և արդեն արդյունքներ կան համալսարաններում, իսկ գիտության ոլորտում էականորեն՝ 4 անգամ ֆինանսավարումներն ավելացել են։

«Ամենաչլուծված խնդիրներ ունեցող ոլորտներից մեկը նախակրթարաններում մեր ֆինանսական փոխհատուցման չափերն են եղել, և ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թվականի ընթացքում Երևանում մենք մոտավորապես 30 %-ով իրականացնելու ենք աշխատավարձերի վերանայում՝ դայակների, տնօրենների։ Իհարկե սա այն չափը չէ, որը կուզենայինք ունենալ։ 30 %-ը այն չափը չէ, որին աշխատավարձի վերանայումների առումով արժանի են այն մարդիկ, ովքեր այնտեղ աշխատում են»,- հայտարարեց Ավինյանը։