Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչև 2026-ը. պետությունը կվճարի և մայր գումարը, և տոկոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել և ՄԶԾ հաստատվել է 412  շահառուի հայտ: Դրանք ըստ մարզերի բաշխված են հետևյալ կերպ.

Տավուշի մարզ – 239

Սյունիքի մարզ – 54

Արարատ – 50

Վայոց ձոր – 47

Գեղարքունիք – 22:

Այս 412 հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում: Նաև պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետև ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվություններն ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ»,-ասաց նա:

Նախարարը հստակեցրեց, որ շահառուները պետք է լինեն ՔԿԱԳ-ով գրանցված ամուսիններ և նրանցից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի. «Նրանք ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ: Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ, շուրջ 80 գյուղ: Շահառուն պետք է համայնքից շինթույլտվություն ունենա, ինչպես նաև կառուցապատման նախագիծ և նախահաշիվ: Ըստ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիպոտեկի մայր գումարն ու դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 տոկոս տոկոսադրույքով:

Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: