Մայրիկնե՛ր, որ երեխաներին տանում եք դպրոց, չե՞ք մտահոգվում, թե ինչ գիտելիք է նա ստանալու. Աննա Մայիլյան

«Խնդիրներն այսօր այնքան շատ են. այսօր ինձ համար համար մեկ խնդիրը, իհարկե, սահմանների պաշտպանությունն է, բայց այդ խնդիր մեջ ներկա է նաև կրթության հարցը»,-փետրվարի 14-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնողության կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։

Նա նշեց, որ հայ ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ մնա, չէ՞ որ իր պատմության դասագրքի, սերունդների դաստիարակության մասին է խոսքը։

«Մայրիկնե՛ր, որ երեխաներին տանում եք դպրոց, չեք մտահոգվո՞ւմ՝ ինչ գիտելիք է երեխան ստանալու: Ես շատ մտահոգ եմ: Ճիշտ է, մենք չպետք է միայն այս հարցով զբաղված լինենք, սա բազմաթիվ հարցերից մեկն է, բայց սա կարևորագույն ռազմավարական խնդիր է, որն այսօր դրված է մեր առջև: Ես խնդրին լուծում չեմ կարող տալ, բացի նրանից, որ եկել եմ խնդրի մասին բարձրաձայնելու: Ես ինքս մտահոգ եմ, մենք պետք է խոսենք սրա մասին»,-ասաց Աննա Մայիլյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։