«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է 1905-ի փետրվարին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է 119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «119 տարի առաջ փետրվարի 6-ին Բաքվում մի պատահական միջադեպով սկսվեցին շուրջ երկու տարի երկրամասը ցնցած հայ-թաթարական բախումները։ Թաթարների (այսպես էր կոչվում Անդրկովկասի թյուրքախոս մուսուլման բնակչության զանգվածը, որը դեռևս չուներ հավաքական անվանում) և հայերի միջև ազգամիջյան լարվածությունը բարենպաստ պայմանների առկայությամբ վերաճեց ռազմական առճակատման։ Պատմագրության մեջ բազմաթիվ են այս բախումների պատճառների մասին կարծիքները և մեկնաբանությունները։ Այնուհանդերձ, դրանք հավաքականորեն կարելի է համարել քաղաքական, հասարակական, կրոնական, սոցիալ-տնտեսական հակասությունների հետևանք, որոնց հրահրման հարցում անմասն չէր ինչպես ցարական վարչակարգը, այնպես էլ Օսմանյան կառավարությունը։

Բաքվի բախումների ժամանակ սպանվեց ավելի քան 200 հայ։ Հարակից բնակավայրերից Բաքու էին եկել նախապես զինված թաթարական խմբեր, որոնք հարձակվում էին հայերին պատկանող տների, խանութների վրա։ Փետրվարի 8-ին միայն գործարաններից մեկի տարածքում միանգամից գնդակահարվեցին 40 հայեր։ Թաթարների շրջանում զոհերի թիվը էականորեն քիչ էր։ Ընդ որում սպանված հայերի մեջ մեծ թիվ էին կազմում նաև կանայք և երեխաները, մինչդեռ թաթարների մեջ բացառապես տղամարդիկ էին, ինչը վկայում է այն մասին, որ թաթարները գազանաբար հարձակվում էին անզեն և անպաշտպան բնակչության վրա։ Հայտնի է մի թաթար աղայի կոչը, թե «ով հրացան ունի, կամեցածի չափ փամփուշտ կտամ նրան, եւ ով որ հրացան չունի, ես բոլորին զինելու ուժ ունիմ»։ Իսկ զենքի մատակարարում իրականացնում էր Օսմանյան կայսրությունը, որը վաղուց փորձում էր ծայրահեղ ազգայնական պանթյուրքիստական պետական գաղափարախոսությունը տարածել Բաքվի և Ելիզավետպոլի մուսուլմանների շրջանում։ Այս առիթով The Chicago Daily Tribune-ը  գրում է․ «Անհերքելի ապացույցներ կան առ այն, որ թաթարական ապստամբությունը հրահրվել է թուրք էմիսարների կողմից»: «Daily mail» թերթի թղթակիցը հաղորդում է նաև, որ «Բաթումի մոտ հայտնվել է ռազմամթերքով բեռնված շոգենավ, որը պետք է զենք հասցնի Կովկասում կռվող կողմերից մեկին: Շոգենավի բոլոր ծառայողները բացառապես թուրքեր են»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։