Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարող են հանդիպել պետական սահմանին․ Բաքվի առաջարկը
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով նախարարության տարեվերջյան ճեպազրույցում։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն ու պատվիրակությունները կարող են հանդիպել պետական սահմանին։ Նման առաջարկ է արել Ադրբեջանը։
Արտգործնախարարը հիշեցրել է, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն արդեն երկու անգամ հանդիպել են սահմանին։
Ինչպես հայտնել էինք, Բայրամովը ճեպազրույցում անդրադարձել էր նաև հայկական ութ գյուղերի նկատմամբ իրենց հավակնությունների մասին՝ նշելով․ «Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը։ Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է բաքվեցի պաշտոնյան:

