Կարող ենք սպասել ևս 1 տարի, 10-20 տարի, բայց չենք ուզում ժամանակ կորցնել. Ավինյանը՝ կարմիր գծերը թանկացնելու մասին

«Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց գնալ համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնել՝ շատ ավելի դժվար է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան։

«Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց պետք է հասկանալ, որ դա ընդհանուր համակարգի մի մասն է, իսկ դա ենթադրում է տրանսպորտային համակարգի կատարելագործում, ուղեվարձի միասնական տոմսային համակարգի ներդրում, ավտոկայանատեղերի կառուցում և այլն»,- օրինագծի քննարկման ընթացքում շեշտեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կառուցել:

Տիգրան Ավինյանի խոսքով, իհարկե, կարող են սպասել ևս մեկ տարի, 10 տարի, 20 տարի, բայց համայնքը համակարգային լուծումների է գնում և չեն ցանկանում կորցնել ևս մեկ տարի։ Նա նշեց, որ այժմ պետք է հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն տալ, այնպես անել, որ շատ կարմիր գծեր դառնան կապույտ, որը ավտոբուսների և միկրոավտոբուսների համար է:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 000 դրամ։

Այժմ տարեկան դրույքաչափը Երևանի ողջ տարածքում 12 հազար դրամ է: