Ինչպե՞ս հանձնեցին Արցախը
Հարցը, թե ինչպես հանձնվեց Արցախը, տանջում է համայն հայությանը, նույնիսկ նրանց, ովքեր ընդհանուր առմամբ այնքան էլ հետաքրքրված չէին Արցախը պահելով, բայց այդ հարցի պատասխանը քչերը ունեն։
Վերջապես ինչպե՞ս հանձնվեց մեր Հայրենիքը․․․
Խնդիրը սկսվում է հենց նրանից, որ ոչ բոլորն են գտնում, որ Արցախի Հանրապետությունը համայն հայության Հայրենիքն է, ինչպես և Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դա ունի իր հստակ պատճառն ու մեղավորները։
Ինչպես օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո արևմտյան երկրները Ռուսաստանում աշխատել են «հինգերորդ շարասյան» հետ փլուզելու Ռուսաստանի Դաշնությունը, այնպես էլ հետխորհրդային Հայաստանում որոշ արևմտյան ուժեր ընդդիմադիր դաշտի և ՀԿ-ների անվան տակ գեներացնում էին այն բոլոր վտանգավոր թեզերը, որոնց արդյունքում ունենք այսօրվա հիվանդ հասարակությունը։
Իսկ որո՞նք էին այդ թեզերը
Ղարաբաղցի-հայաստանցի, «սաղ էդ ղարաբաղցիներն են մեղավոր», «իմ տղեն ինչի պիտի էդ Ղարաբաղում ծառայի, լավ է փող տամ՝ մոտիկ տեղ ծառայի», «էսքան տարի թուրքի հետ հանգիստ ապրել են, հիմա ինչ են ուզում մեզանից» և նմանօրինակ մի շարք մտքեր, որոնք պառակտեցին մեր հասարակությունը և նրանից «հափշտակեցին» ոչ միայն հայրենատիրության զգացումը, այլև ինքնապաշտպանական բնազդը։
Այս ամենը հասարակության մեջ գեներացնելուց և որոշակի հաջողության հասնելուց հետո այդ ուժերն անցան գործնական փուլի, այն է՝ գունավոր հեղափոխությունը 2018-ին, որի արդյունքում իշխանության եկան նրանց համակրանքը վայելող ուժեր, որոնք բացեիբաց սկսեցին իրականացնել հայակործան քաղաքականությունը՝ «կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևից» մինչև «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից»։
Այսօր այս իշխանությունները ամրապնդում են այդ թեզերի գեներացումը՝ ամեն ինչում մեղադրելով Արցախի Հանրապետությանն ու նրան պահողներին, միևնույն ժամանակ իրենց վրայից փորձելով մաքրել մեղքն ու պատասխանատվությունը։ Այս ամենի վառ ապացույցն է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերջին շրջանում միտումնավոր տարեթվերի և իրադարձությունների աղավաղումը։
Նիկոլ Փաշինյանը Արցախի պահպանման իբր անհնարինության մասին խոսելիս իր տարբեր ելույթներում ներկայացնում է այնպիսի տարբեր տարեթվեր, որ թվում է, թե տարբեր մարդիկ են խոսում, որոնք առհասարակ գաղափար չունեն ոչ պատմությունից, ոչ առավել ևս բանակցային ողջ պրոցեսից։
Հերթական ակնհայտ աղավաղումը եղավ դեկտեմբերի 9-ին Իջևանում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստին, երբ ՔՊ վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում:
«Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը: Ես սրա մասին առաջին անգամ շատ զգույշ խոսել եմ քննիչ հանձնաժողովում իմ ելույթի ժամանակ, երկրորդ անգամ ավելի բաց խոսել եմ վերջերս քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ: Եվ կարող եմ ավելի ազատ խոսել հիմա, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշել է նաև, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի շարունակ անիմաստ են ռեսուրսները վատնվել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:
Ինչ խոսք, հասարակության այն շերտին, որին հաջողվել է պահել գեներացվող թմբիրի մեջ, հնարավոր է համոզել, որ կարծես 2016 թ․ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծվել է «փաշինյանական անհնարինության» վիճակը Արցախի պահպանման հարցում։
Բայց մի րոպե կանգ առնենք․․․
Եթե 2016-ի օգոստոսին անհնար էր դարձել Արցախի նույնիսկ ամբողջական հայկական մնալը, ապա ինչու էր հոկտեմբերին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը սրտնեղում, բողոքում միջազգային հանրությունից, թե իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը․
«Փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին» (haqqin.az):
Այսքանով չի ավարտվում իշխանության ներկայացուցիչների արցախատյաց ելույթները, ովքեր խոսում են, թե իբր արցախյան նորընտիր իշխանությունները, որոնց իրենք «դաբրո» չէին տվել ընտրվելու, իրենց երկիրը վարի են տվել ու եկել արդեն Հայաստանն են ուզում վարի տան իրենց նիստերով, ժողովներով և հանդիպումերով․
«Միջազգային հարթակներում անկախության հարց բարձրացնելու համար պետք չէր գնալ ու լուծարել։ Երեսուն տարի կոպեկ-կոպեկ հավաքած զենքը տարան տվեցին ադրբեջանցիներին, տարան կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրեցին, Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն», Գևորգ Պապոյան
կամ
«Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի․․․», – Արթուր Հովհաննիսյան:
Կամ
«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա», – Տարոն Չախոյանը
Այսօր հայ հասարակությունը դարձել է անհաղորդ, «քաղաքականությամբ չզբաղվող», կենցաղային հոգսերով ապրող, հայրենիքը հոգում ուրացած, որոշ շրջանակներ արդեն իսկ մոռացության են մատնել Արցախը և չեն նկատում իշխանության կողմից հայրենիքի կորուստը գուժող մտքերի և գործողությունների շարունակականությունը, ինչի արդյունքում Փաշինյանը հանգիստ կարող է ասել՝ Արցախի հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ-ում պետություն չկառուցելու համար, ամեն ինչ ուղղելով Արցախի անհնարին խնդիրը լուծելու համար, ինչով էլ ապալեգիտիմացնում է 3-րդ Հանրապետությունը։
Ի վերջո արդյունքում այնպես, ինչպես հանձնվեց Արցախը, հանձնվելու է նաև Հայաստանը (Ալիևը չի ճանաչում ՀՀ անգամ 29,800քմ․կմ), եթե մենք կանգ չառնենք, չդառնանք կրկին հայրենատեր և պատվախնդիր, չգիտակցենք, որ իրականում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ոչ ոք իրավունք չունի իրենից խլել իր տունը։
Ժաննա Ծառուկյան
#ԻնչպեսհանձնեցինԱրցախը