Բայրամովը պնդում է, թե Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է Սկոպյեում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ․ գրել է ԱՊԱ-ն։
Միաժամանակ Բայրամովը Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանության պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա։
«Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան, նշելով, թե «հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորությունների»։

