Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունները ձեռնտու են Բաքվին ու Վաշինգտոնին
Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում: Այսինքն` խոսքը Հայաստան-Ադրբեջան երկկողմ, ուղիղ բանակցությունների մասին է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր խաղ է սկսում:
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը չուշացավ, փոքր-ինչ լղոզված, բայց իրականում ՀՀ իշխանությունը հայտնեց իր պատրաստակամությունը երկկողմ բանակցություններին, իր հերթին առաջարկելով պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստ` միմյանց տարածքային ամբողջականության, առանց երկիմաստությունների, փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։
Հարց է առաջանում` ո՞րն է Ադրբեջանի իրական նպատակը, ինչի՞ է ուզում հասնել Ադրբեջանը` Հայաստանին երկկողմ բանակցությունների մղելով: Ադրբեջանի առաջարկի մեջ կան լրջագույն վտանգներ մեր երկրի համար: Հենց թեկուզ այն առումով, որ անմիջնորդ բանակցություն ասվածը կլինի պարտվածի ու հաղթողի խոսակցություն` ի վնաս պարտված կողմի` Հայաստանի:
Մինչդեռ երկկողմ բանակցությունները Ադրբեջանին հնարավորություն կտան խուսափել «խաղաղության պայմանագրի» ստորագրումից և դրանով իսկ հավելյալ պարտավորությունների ստանձումից: Ադրբեջանի ուզածն էլ հենց դա է: Չեզոքացնելով երաշխավորող երկրի կամ կառույցի առկայությունը, Ադրբեջանը կարող է իր համար նախընտրելի պահին չեղարկել ՀՀ հետ կնքած երկկողմ պայմանագիրն ու անցնել ռազմական գործողությունների վերսկսման` խուսափելով պատժամիջոցներից:
Երևան-Բաքու ուղիղ բանակցություններին անդրադարձել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` ադրբեջանական առաջարկի մեջ մեծ վտանգ տեսնելով: Երրորդ նախագահը համոզված է՝ այդ ձևաչափը բանակցությունները փակուղի կտանի. «ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասացին՝ ընդունում ենք, ոչ էլ ասացին՝ չենք ընդունում, որովհետև իրենք մտածելու կարիք ունեն: Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը:
Հիշո՞ւմ եք, երբ որ Հայաստանի այսօրվա կառավարիչը իր կարծիքով քննադատում էր, թե ուզում էր խայթեր ինձ, երբ որ ասում էր՝ «տեսեք-տեսեք, նա ասում է, որ Ալիևի հետ ես չեմ բանակցել, իսկ ես, տեսնո՞ւմ եք, բանակցում եմ»: Մենք տեսանք՝ ինչի՛ բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է որպես բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցության արդյունքն ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ո՞ւմ է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին: Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի, և եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որևէ ապագա չեն խոստանում»:
Սերժ Սարգսյանը խոսել էր նաև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին, նշելով՝ եթե այն կնքվի, դա կլինի պարտադրված փաստաթուղթ, քանի որ, Սարգսյանի պնդմամբ, Երևանն ամեն անգամ գնում է նոր զիջումների։ «Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է: Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ եթե էսպիսի՛ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում, տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ: Որովհետև սա այլ ելք չի կարող բերել, հասկանո՞ւմ եք, անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»:
Ի դեպ, նկատենք, որ ԱՄՆ-ը ողջունել է Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների անցկացման գաղափարը: Օրերս` նոյեմբերի 21-ին, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ ասել էր. «Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ ու տևական խաղաղությանը, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»:
Հայաստան-Ադրբեջան երկողմ բանակցություններն ընդունելի են ԱՄՆ համար իրենց աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից: Դա լավ հնարավորություն է բանակցություններից ամբողջովին դուրս մղելու Ռուսաստանին` բացառելով նրա միջնորդական դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կոմունիկացիաների բացման գործում: Եվ ի վերջո, երկկողմ բանակցությունների արդյունքում ի հայտ եկող պայմանագրով կչեզոքացվի ռուսական միջնորդությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի գոյությունը:
Նշենք, որ Մեթյու Միլերը խոսել էր նաև Վաշինգտոնը բանակցությունների հարթակ ծառայեցնելու մասին, ասելով. «Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում»: Նկատենք` Երևանը ևս հակված է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումները տեղի ունենան ոչ թե ռուսական, այլ բրյուսելյան ձևաչափով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: «Եթե կան հարթակներ, որոնց արդյունավետությունը վստահություն չի ներշնչում, Հայաստանը չի մասնակցում այդ հարթակներում բանակցություններին, եթե ներշնչում է վստահություն`մասնակցում է»,-ասել էր ԱԺ քպ-ական փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
Հարթակների շուրջ խոսակցությունները տեղավորվում են ՀՀ իշխանության կողմից աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության տրամաբանության մեջ: Եվ սա շատ լավ են հասկանում Ռուսաստանում: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պարզ ասել էր. «Հասկանալի է, որ խոսքը արտաքին հարաբերություններում այդ հանրապետության կողմնորոշման արմատական փոփոխության մասին է: Դա արվում է Արևմուտքից հուշումով կամ ցուցումով: Մյուս կողմից, նրանք փորձում են դա հնարավորինս քողարկել՝ ենթադրելով, որ այդպես հնարավոր կլինի պահպանել հատուկ հարաբերությունների և օգնության նախկին մակարդակը: Դա այնքան ակնհայտ և հասկանալի է, որ հնարավոր չէ թաքցնել տարբեր ձևակերպումների և բառերի հետևում»:
Փաստորեն, քպ-ական խմբակի թեթև ձեռքով` Հայաստան-Ադրբեջան, ու նաև Արցախի հետ կապված գործընթացն ամբողջովին հայտնվել է աշխարհաքաղաքական բախումների կիզակետում:
Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը, որն ի տարբերություն Հայաստանի՝ ջերմացրել է իր հարաբերությունները ՌԴ հետ, հասցրել է արևմտյան բանակցային հարթակներում Հայաստանից պոկել իր համար ցանկալին` Արցախը, ու հիմա էլ բոյկոտում է արևմտյանը հարթակները: Ալիևն այդպես մերժեց Գրանադան`պատճառաբանելով, թե միջնորդներից Ֆրանսիան կողմնակալ է, նույնպիսի պատճառաբանությամբ հրաժարվեց նաև վաշինգտոնյան հարթակից, այս կերպ ընտրության առաջ կանգնեցնելով Հայաստանին` կամ գնում ենք երկկողմ բանակցությունների, կամ գնում ենք ռուսական հարթակներ:
Կարինե Գևորգյան

