Գազայի հատվածում ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս. Յոհավ Գալանտ
Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս: Ռազմական գործողությունների դադարը, որը նախատեսված է անկլավում պահվող պատանդներից մի քանիսի ազատ արձակման մասին համաձայնագրով, կարճ կլինի։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոհավ Գալանտը՝ 13-րդ նավատորմի՝ Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի հետ հանդիպման ժամանակ։
«Սա կլինի կարճատև դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը, ճնշումը կմեծացվի ավելի շատ առևանգվածներին վերադարձնելու համար: Սպասվում է ևս երկու ամիս տևողությամբ մարտեր»,-ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է Ynet պորտալը:
Գալանտն ընդգծել է, որ ռազմական գործողության նպատակը մնում է անփոփոխ՝ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության ողջ կառույցի ոչնչացումը։
«Մենք մտադիր ենք վերացնել ՀԱՄԱՍ-ը որպես ռազմական և կառավարական կառույց: Այս գործողության վաղ փուլերից պարզ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ը հասկանում է միայն ուժի լեզուն»,- հավելել է նա։

