Տարածքային բռնազավթումները և զանգվածային ցեղասպանությունները սոսկ առավել ուժեղ և զգոն լինելու խթան են. Գևորգ Դանիելյան
«Արցախը տանք, որ լավ ապրենք, ինչպես նաև բոլորը մեղավոր են» շարքից հիմա էլ «բացահայտում ենք», որ Ռուսաստանի համար Արցախի հարցը Հայաստանին մշտապես թուլացնելու և կախյալ վիճակում պահելու գործոն է եղել։ Նախ, դեռ մի շտապեք Արցախի հարցը փակված համարել, այդ հարցի լուծումն անչափ բարդացել, բայց իսպառ չի փակվել և չի փակվի երբեք, և ոչ միայն Արցախի, անգամ եթե արցախցիները ընդմիշտ հեռանան Հայաստանից։ Չի բացառվում, որ պատմական մի պատեհ շրջափուլում զավթիչները ևս ներսից ճաքեր տան, ինչն իրենք արհեստականորեն ստեղծեցին մեր Երկրում։
Ինչ վերաբերում է խնդրահարույց, բայց օրինական շահերին, ապա առանց դրանց պետությունն անդեմ ու ամորֆ ժամանակավոր կառույց է, զուրկ անգամ ինքնապաշտպանության բնազդից։ Մեզ համար տարածքային բռնազավթումները և զանգվածային ցեղասպանությունները սոսկ առավել ուժեղ և զգոն լինելու խթան են, ոչ թե համակերպվելու և նոր զիջումների գայթակղության պատրանք։ Եթե մեր օրինական շահերը ոմանց համար պատեհ առիթ էին, դրանք ևս գրագետ պետք է հաշվարկվեին և խելամիտ հարաբերություններ կարգավորելու հենք լինեին, ոչ թե որակվեին «օտարինը» և ինքնիշխանության պատրվակով անորոշ և սիրողական խոսույթի թեմա դառնաին։
Հ.Գ. Եվրոպական քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրները ինչո՞ւ են համակերպվել Համալիրում ժողովրդավարության հարցերը փակ նիստերում քննարկելու հետ, նրանց ի՞նչ շահեր է անհանգստացնում ….

