Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ «անտագոնիզմին և թշնամանքին վերջ դնելու պատմական հնարավորության» մասին և ամրագրում հայ զինվորի վրա կրակելով
«Հայաստանի անօրինական ռեժիմը Ղարաբաղում զինաթափվել և դուրս է բերվել Ադրբեջանից», ինչը վերացնում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի խոչընդոտները, Բրյուսելում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Euroreporter-ին։
«Մենք հավատում ենք, որ սա երկու երկրների միջև անտագոնիզմին և թշնամանքին վերջ դնելու և 5 սկզբունքների հիման վրա կայուն խաղաղություն կառուցելու պատմական հնարավորություն է, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանին»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, «բայց դա տեղի չունեցավ»։
«Քանի որ նրա նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիան պահպանելն էր, Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը անհաջողության մատնվեց։ Մենք վերջ դրեցինք ռազմական օկուպացիային և ագրեսիային։ Ուստի Ադրբեջանը այժմ առաջնահերթություն է ընտրում խաղաղությունը և կարգավորումը Հայաստանի հետ։ Բայց ցանկացած խաղաղ գործընթաց պահանջում է երկու կողմերի մասնակցություն։ Հայաստանը պետք է ցուցադրի դրական և լավ մտադրություններ։ Մենք Հայաստանին ենք տրամադրել թարմացված 5-րդ խաղաղության համաձայնագիրը, բայց նրանք արդեն երկու ամիս է՝ չեն արձագանքում»,- հավելել է Հաջիևը՝ նշելով, թե «տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծվել»։
Իսկ այսօր ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խաղաղարար Բաքվի ԶՈՒ-ն այսօր՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կրակ է բացել, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

