Հստակ պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս  ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

-Պարոն Ստանո, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վիզանների ազատականացման հնարավորությունների մասին խոսեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ գործընթացներից է կախված կյանքի կոչվելը։

-Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։ Այսպիսով, մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։ Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի։ Կարևոր է, որ համաձայնություն լինի: Մենք ցանկանում ենք սկսել դիտարկել տարբերակները և ուսումնասիրել վիզաների ազատականացման հնարավորությունը: Այսպիսով, գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, բայց դա գործընթաց է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։

-Խոսքն ի՞նչ առաջադրանքների մասին է, մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք բերել։

-Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել։ Դա հիմնական առաջնահերթություններից մեկն է, երբ խոսքը գնում է վիզայի մասին: Մենք չենք ցանկանում, որ հանկարծակի ավելանան ապաստան հայցողները, պետք է կանխել առանց վիզայի կամ ազատականացված ճանապարհորդության ռեժիմի չարաշահումը։ Այսպիսով, նախ կարևոր է քաղաքական և տեխնիկական լոգիստիկ չափանիշների պահպանումը հայտատուի կողմից, իսկ հետո, իհարկե, անդամ պետությունները պետք է համոզվեն, պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվել է գործընկեր երկրի կողմից, որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումը չչարաշահվի։

-Բարձր հանձնակատարի ասուլիսի երկրորդ կետը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցության մեխանիզմի մասին էր։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանին աջակցությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի մեխանիզմի միջոցով։ Սա Հայաստանում տարբեր մեկնաբանությունների է արժանանում։ Ի՞նչ բացատրություն ունեք։

-Միգուցե, լավ կլիներ բացատրել, թե ինչ է նշանակում Խաղաղության եվրոպական գործիքը։ Դա Եվրամիության գործիքն է, ֆինանսական գործիքը, որի միջոցով մենք աջակցում ենք երկրներին, երբ խոսքը վերաբերում է նրանց ճկունության, դիմակայունության ամրապնդմանը, կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նրանց կարողությանը։ Խաղաղության եվրոպական հիմնադրամն ունի երկու մակարդակ։ Օրինակ՝ Ուկրաինայում մենք այն շատ ենք օգտագործում, որպեսզի օգնենք զինվորականներին պաշտպանել երկիրը Ռուսաստանի անօրինական ագրեսիայից։ Բայց այլ երկրներում հիմնադրամն օգտագործում ենք, օրինակ, ֆինանսավորելու մեր խաղաղ առաքելությունները կամ դիտորդական կամ մոնիտորինգային առաքելությունները: Այդպես է նաև Հայաստանի դեպքում։

Այսպիսով, օրինակ, ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում, նույնպես մի բան է, որը ֆինանսավորվում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Այսպիսով, կան բազմաթիվ եղանակներ, թե ինչպես կարելի է աջակցել հատկապես երկրի անվտանգությանը, կայունությանը և ճկունությանը: Հետևաբար, անդամ երկրներն ասել են, որ սա Հայաստանին աջակցելու մեր պատրաստակամության ևս մեկ միջոց է, ինչպես նաև միջոց է դիտարկելու ուղիներ, թե ինչպես մենք կարող ենք աջակցել Հայաստանի ճկունությանը Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Կրկին, սա գործընթացի սկիզբն է: Մենք ուղիներ ենք փնտրում, թե ինչպես և ինչով աջակցել: Այնպես որ, դեռ կոնկրետ առաջարկ չկա, թե ինչպիսին կարող է լինել այս աջակցությունը։ Բայց, երբ նայում եք այլ երկրներին, թե ինչ ենք մենք անում, օրինակ՝ Մոլդովայի դեպքում մենք օգնում ենք բարելավել նրանց կարողությունը՝ հակազդելու արտաքին միջամտությանը, մենք օգնում ենք երկրներին բարելավել իրենց կարողությունները կիբեռհարձակումների դեմ պայքարում։ Սրանք ուղիներ են, որոնց միջոցով Խաղաղության եվրոպական հիմնադրամն աջակցում է, բայց Հայաստանի դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Այսպիսով, անդամ երկրները սկսում են քննարկումներն այն մասին, թե որն է լինելու Խաղաղության եվրոպական հիմնադրամն օգտագործելու լավագույն միջոցը Հայաստանին աջակցելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։