Դեպի ո՞ւր է գլորում մեր երկիրը քպ-ական խունտան
Արցախն ընկավ, ընդամենը մի քանի օրում հայաթափվեց հազարամյակների հայոց բնօրրանը: Թշնամական երկրի նախագահը երեկ` ի տես հայ ժողովրդի ու աշխարհի, Ադրբեջանի դրոշն է բարձրացրել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կառավարական շենքի վրա, հաղթական կեցվածքով շրջում էր Արցախի կառավարական շենքերում: Շրջում էր տիրոջ իրավունքով: Ու գլուխ էր գովում, որ իր պաշտոնավարման 20-րդ տարում ամենօրյա աշխատանքով կարողացավ հասնել «այդ սուրբ նպատակին»…
Արցախի հայաթափումը մեծագույն ողբերգություն է հայ ժողովրդի համար, որ իրականացվեց Հայաստանի ներկայիս քպ-ական իշխանության ու նրա պարագլխի ձեռքով: Փաշինյանական խունտայի քաղաքականության հետևանքները ծանր գին են արժենալու հայ ժողովրդի համար: Գուցեև` ճակատագրական:
Արցախի կորուստն առավել ծանր է քաղաքական, ռազմական այն գործիչների համար, որոնք 30 տարի պայքարել են Արցախի անկախության, արցախահայության ինքնորոշման իրավունքի համար, որոնք ապրել են Արցախով, Արցախ են կառուցել, որոնց համար Արցախը եղել է «կյանքի գործ», ինչպես ՀՀ երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի վերաբերյալ դիպուկ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Իր իշխանության տարիներին Հայաստանն ու Արցախը անվտանգային միասնական կուռ համակարգ դարձրած նախագահ Սարգսյանը 44-օրյա պատերազմից հետո անդադար ահազանգ էր հնչեցնում. «Արցախի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված է ստացել: Համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը թշնամուն է հանձնված: Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից եւ այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի եւ նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու»:
Փաշինյանի ձեռքով ստեղծված ամենաբարդ իրավիճակներում անգամ նախագահը հույսը չէր կորցնում, ուներ համոզմունք, որ գրագետ քայլերի դեպքում կարելի է գտնել հնարավորություններ՝ Արցախը հայկական պահելու:
44-օրյա պատերազմից հետո իր հարցազրույցներից մեկում Սերժ Սարգսյանն ասում է. «Չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ»: Նախագահը համոզված էր` հստակ քայլերի դեպքում մենք կկարողանանք «որոշ ժամանակ հետո խոսելու, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է»:
Առաջնորդին վայել այս լավատեսությամբ հանդերձ, նախագահն ուներ նաև մեծ մտավախություն, որ. «Փաշինյանի վարչակազմը ունակ չէ դրան: Փաշինյանի իշխանությունը չի՛ կարող արդյունավետ բանակցություններ վարել»: Հետևաբար, նրա համազմունքն էր` ամեն ինչ պետք է անել կապիտուլյանտից երկիրն ազատելու համար. «Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանարար լինել և՛ Արցախի, և´ Հայաստանի հանրապետությունների համար»:
Ցավոք, նախագահի կանխատեսումները դարձան իրականություն: Ընդդիմությանը չհաջողվեց երկիրն ազատագրել օտար ուժերի ձեռքով իշխանության բերված ու օտարին ծառայող այս խունտայից: Ընդդիմության ցանկացած քայլ թշնամական երկու պետությունների կողմից որակվում էին ռևանշիստական. Թուրքիան ու Ադրբեջանը հնչեցնում էին Նիկոլին աջակցելու մասին հայտարարություններ: Ու ադրբեջանա-թուրքական փողերով իշխանության բերվածը մնաց իշխանության, ինչն էլ կործանարար եղավ Արցախի համար: Իր 4000-ամյա պատմության մեջ երբևէ չհայաթափված Արցածը հայաթափվեց Նիկոլի ու նրա քպ-ական խունտայի ձեռքով:
Հայաստանի քպ-ական ղեկավարները ոչ միայն ունակ չեն պաշտպանելու մեր երկրի պետական շահը, այլև ժամանակը ցույց տվեց, որ նրանք ամենևին չունեն այդ ցանկությունը, նպատակը: Մենք անդադար զիջում ենք մեր շահերը, սպառվում է մեր ռազմավարական ներուժը: Դրա մասին է փաստում պատերազմից հետո մեր ունեցած ահռելի զիջումերը: Դրանք շարունակվում են առ այսօր:
ՔՊ-ական իշխանությունը հրաժարվեց Արցախից` խոստանալով խաղաղություն: Բազմիցս ենք ասել` սա կեղծ թեզ է, որը չի կարող որևէ աղերս ունենալ իրականության հետ: Ավելին, այդ կեղծիքը մեզ ամեն օր ավելի է մոտեցնում նոր պատերազմի: Արցախյան հիմնահարցը «լուծված» համարող թշնամին հիմա բացահայտորեն խոսում է Հայաստանի Հանրապետությունից նոր ստանալիքների մասին, ու սպառնում` չեք տա` ուժով կվերցնեմ: Հիմա էլ Նիկոլի ձեռքով իրականացնելու է Հայաստանը մաս-մաս անելու, բաժանելու ծրագիրը:
Ալիևը հիմա նոր պահանջներ է դրել Փաշինյանի առաջ` հանձնել Տավուշի 8 գյուղերը, ադրբեջանցիներին վերաբնակեցնել Հայաստանում. ու այս ծրագիրը անվանել է, այսպես կոչված, «մեծ վերադարձ»:
Հաղթանակից ոգևորված՝ Ալիևը հայտարարում է, թե անցած 30 տարիներին իբր Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական տարածքները. սա խիստ վտանգավոր հայտարարություն է` հեռահար նպատակներ ունեցող: Թշնամական երկրի ղեկավարի նպատակն է՝ հասնել նրան, որ Հայաստանը ճանաչվի ագրեսոր պետություն, որին կպարտադրի բանակի լուծարում և տասնամյակներով ռազմատուգանքի վճարում Ադրբեջանին: Այսօր այս ծրագիրն է իրականացվում մեր դեմ, ինչը կհանգեցնի հայոց պետականության ու հայ ինքնության ոչնչացման: Իր այս նպատակներին հասնելու համար Ալիևը միայնակ չի գործում, նրա աջակիցը թրքահպատակ քպ-ն է` Փաշինյանի ղեկավարությամբ:
Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի ղեկավարությունը ստորագրի Հայաստանը լուծարելու փաստաթուղթը` «խաղաղության պայմանագիր» անունով։ Եվ որևէ կասկած չկա, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կգնա դրան։
Ահա թե դեպի ուր է գլորում մեր երկիրը քպ-ական խունտան:
Ելքը կա, ու դա մեկն է` Նիկոլն ու իր խունտան պետք է հեռացվեն իշխանությունից:
Կարինե Գևորգյան

