Դատողություններ հայ ժողովրդի Ազգային գաղափարախոսության շուրջ
Ընդհանուր բնութագիրը
Ազգը որպես բանական Գոյության բարձրագույն հավաքական ձև՝ ժամանակի մեջ հետապնդում է հստակ նպատակ, այն է իր հարատևությունն ու բարեկեցությունը: Հարատևության և բարեկեցության ապահովման անհրաժեշտությունը ազգին պարտադրում են ընդհանրական դրսևորումների և հավաքական գործողությունների համախումբ՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ մնայուն խնդիրների ձևակերպմամբ և ժամանակի մեջ դրանց լուծման եղանակների առաջադրմամբ: Այս ամենի իրականացման հիմնական ու անփոխարինելի միջոց է հանդիսանում պետականությունը:
Պատմական կոնկրետ ժամանակահատվածը՝ կախված պահի աշխարհաքաղաքական գործընթացներից, ազգային նպատակների իրականացման առումով ևս առաջադրում է այդ ժամանակահատվածի համար բնորոշ որոշակի խնդիրներ: Այդ որոշակի խնդիրների ձևակերպումը և դրանց լուծման եղանակների առաջադրումը ժամանակի աշխարհաքաղաքական գործընթացներին համահունչ, որոնք ազգին, պետությանը, ժողովրդին, ընտանիքին ու նրա ամեն մի անհատին զերծ կպահեն բացասական հետևանքներից ու կնպաստեն նրանց գոյության անվտանգությանը ու բարեկեցության բարձրացմանը, հանդիսանում են ազգային գաղափարախոսության հայեցակարգի հենասյունը:
Ազգային գաղափարախոսության անհրաժեշտությունը թելադրված է այն սպառնալիքների բնույթով, որոնք ծառացած են հայ հասարակության ու պետականության առջև: Ազգային-պետական զարգացման նպատակների ու առաջնահերթությունների հստակ ձևակերպումների բացակայությունը մինչ օրս լուրջ հիմնախնդիր է հանդիսանում, որը հնարավություն չի տալիս արդյունավետորեն արձագանքել ինչպես արդի, այնպես և ապագայի մարտահրավերներին:
Ազգային գաղափարախոսությունը իմաստավորում է մարդու կյանքն ու սերունդների հարատևումը, հանգեցնում է նրան այն փաստի անվիճարկելիության գիտակցմանը, որ միայն այլ անհատների հետ առավել կազմակերպված ու խտացված տեսակի միավորման՝ պետության ստեղծման ճանապարհով է հնարավոր որոշակի համընդհանուր նպատակների ձեռքբերումը:
Գոյություն ունեցած բոլոր քաղաքակրթությունների, պետությունների և քաղաքական ռեժիմների պատմությունը ապացուցում է, որ չեն եղել ազգային բնույթի կայուն, առաջընթաց զարգացող քաղաքական հանրություններ առանց հստակ արտահայտված նպատակային ուղեցույցների, արժեհամակարգերի, առանց ժամանակակից աշխարհի քաղաքական իրականության մեջ իր տեղի հստակ որոշման:
Հայ պատմական իրականության փորձը
Հայ մտածողների բազմաթիվ սերունդների ստեղծագործ ժառանգության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայ հասարակության մեջ գաղափարախոսության տարրեր գոյություն են ունեցել առնվազն 5-րդ դարից: Նրանց ստեղծագործություններում հարցեր էին առաջ քաշվում, որոնք ուղղակիորեն առնչվում են այնպիսի խնդիրների հետ, որոնց լուծմանն ու հիմնավորմանն ուղղված են արդի գաղափարախոսությունները: Այսպես, դեռ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմությունում» /Ժ.Բոդենից դեռ շատ առաջ/ տվել է իր պատկերացումը պետական իշխանության մասին, որի առանցքային բնութագիրը նրա ինքնիշխանությունն է, որն, ըստ էության, հանդիսանում է ազգային-պետական սուվերենության հիմնավորումը: Պետական կամ ազգային-պետական ինքնիշխանության մասին էլ ավելի հստակորեն է խոսել Մխիթար Գոշը: Այս առումով կարելի է օգտագործել նախորդ սերունդների կողմից կուտակած ամբողջ ներուժը /դա և Այբուբենն է, և հայկական էպոսը, և Ե.Կողբացու «Եղծ Աղանդոցը», և Գ. Նժդեի «Ցեղակրոնությունը»/: Գործնականում բոլոր դեպքերում առկա է ազգային շահի գիտակցումը, որը հակված է հայ ազգի /պետության/ ինքնիշխան գոյության տեսական հիմնավորմանն ու գործնական հաստատմանը, իսկ ավելի խորը՝ ընդհանրապես նրա պահպանմանը որպես տեսակ: Սա է հիմնական առաջնորդող գաղափարը, որով տոգորված են հայ մտածողների բազմաթիվ ստեղծագործությունները: Աստվածաբանական ու փիլիսոփայական ծածկը, որով նրանք պատում են իրենց գաղափարները /ընդհուպ մինչև Նոր ժամանակների սկիզբը, բնական է, քանզի այն ժամանակվա քաղաքական միտքն ինքնին զարգանում էր քաղաքական աստվածաբանության ու քաղաքական փիլիսոփայության տեսքով /թերևս ոչ միայն Հայաստանում, այլ՝ գործնականում ամենուր/: Դրա հետ մեկտեղ հարկ է ընդգծել, որ դավանաբանական պատկանելությունն ինքնին հայ մտածողների կողմից մեծ մասամբ դիտարկվում էր «ազգայինի» տեսանկյունից և դա առավել ցայտուն դրսևորվում էր այն պահերին, երբ հայ ազգի գոյությունը վտանգված էր: Նույնիսկ ընդունելով նրանց կողմից կիրառվող «ազգս հայոց» տերմինի պայմանականությունը և որոշակի անհամապատասխանությունը «ազգի» արդի հասկացությանը, պետք է նշել, որ, այնուամենայնիվ, վերջինս նրանց մոտ օժտված է այնպիսի տարբերակիչ առանձնահատկություններով, որոնք բնորոշվում են դավանաբանական, տարածքային և լեզվամշակութային հատկանիշներով: Այսպես, օրինակ, դեռ Գրիգոր Տաթեվացին իր «Գիրք հարցմանց»-ում գրում է. «Ազգը ազգից տարբերվում է սահմաններով, լեզվով և կանոնական կարգով, որոնք են եկեղեցական ավանդույթն ու հավատը»: Նրանց հայեցակարգերում արտահայտված էթնոցենտրիզմն այն աստիճան ակնառու է, որն այն անհնար է չնկատել: Տվյալ հանգամանքը խոսում է հայ ազգի ներկայացուցիչների ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակի առկայության մասին /մինչդեռ հայտնի է, որ քաղաքականության գաղափարական մակարդակի հետ սերտորեն կապված այնպիսի հասկացությունը, ինչպիսին «ինքնագիտակցությունն» է, պաշտպանվում/պահպանվում է պատմական հիշողության արդիականացման, դեպի ավանդույթները վերադարձի /պահպանման/, ինքնության և ազգային շահերի գիտակցման միջոցով, և իրենից ներկայացնում է դիալեկտիկորեն իրար փոխկապակցված երկու մակարդակներ՝ կենցաղային-կենսական /գիտակցությունը/ և տեսական /բուն ինքնագիտակցությունը//, ինչը զուգահեռաբար վկայում է ազգային շահերի գիտակցման մասին, որն, ինչպես արդեն նշվել է, ինքնին ազգի պահպանումն է: Էական չէր, թե արդյոք դա պայմանավորվում էր հավատի պահպանման անհրաժեշտության հիմնավորմամբ /ազգային համարժեքում՝ լուսավորչականությամբ/, կամ թե ազգային դպրոցի պաշտպանության անհրաժեշտությամբ /օրինակ, հայ սահմանադրականներ /կոնստիտուցիոնալիստներ/ Չերազը, Րուսինյանը և այլն/, քանզի այդ ամենը ծառայում էր հայ ազգի՝ որպես տեսակի պահպանմանը: Իսկ նշված բոլոր հայեցակարգերը հանդիսանում են այն հենասյունը, որի վրա կարող է կառուցվել ազգային գաղափարախոսությունը, որն իր արմատներով մոտ է ժամանակակից դասական գաղափարախոսություններից առավել հնագույն տեսակին՝ պահպանողականությանը՝ իր ակունքում ունեցած ավանդապաշտությամբ:
Հայրենական մտածողների ստեղծագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ հասարակական-քաղաքական միտքը՝ ելնելով ձևավորված պատմական պայմաններից, մշտապես զբաղված է եղել հայ ազգի /պետության/ ինքնիշխան գոյության հիմնավորմամբ: Այսպիսով, ինչպես պատմականորեն, այնպես էլ ներկայիս փուլում, հայ հասարակական-քաղաքական մտքի ու ընդհանրապես ազգային կեցության առջև կանգնած խնդիրները չեն փոփոխվել: Փոխվել են արտաքին և ներքին սպառնալիքների արտաքին ձևերը, բայց՝ ոչ նրանց էությունը: Այսպես, օրինակ, եթե միջնադարում գլաձոր-տաթևյան դպրոցի ներկայացուցիչները պայքարում էին կոսմոպոլիտական-գլոբալիզացիոն հայեցակարգերի դեմ /որն իր հանրագումարով կազմում է կաթոլիցիզմի գաղափարախոսությունը, ապա այսօր, գլոբալիզացիայի նոր միտումների պայմաններում, դա առաջ մղող սուբյեկտների գործունեության էությունը վերջին հաշվով մնում է նույնը /պարզապես ազդեցության կրոնական գործոնը փոխարինվել է այլով/:
Ազգային գաղափարախոսության ներդրման անարդյունավետության հիմնական պատճառները (ՀՀ օրինակով)
Չխորանալով հայ ժողովրդի պատմական անցյալի վերլուծության մեջ /համոզիչ չեն փաստարկներն այն մասին, որ ամեն ինչում մեղավոր է պատմական անցյալը, կամ հղումները հայ հասարակության ու պետության անցումային վիճակի վրա/, միայն նշենք, որ այնպիսի զգալի գաղափարա-քաղաքական կառույցներ, ինչպիսիք են «Դաշնակցություն» կուսակցության գաղափարախոսությունը կամ Գ. Նժդեի «Ցեղակրոնությունը», այսօրվա Հայաստանի Հանրապետությունում գործնականում չեն գործում /ի նկատի ունենք դրանց զանգվածային կիրառումը, այլ ոչ թե սահմանափակումը մեկ կուսակցությամբ/: Բացի ազգային-հայրենասիրական դաստիարակման թերությունները, որոնք, արտաքին ազդեցության հետ մեկտեղ հանգեցնում են ազգի արժեքային-կողմնորոշիչ կառուցվածքի փոփոխմանը, դրանց կիրառման անարդյունավետության հիմնական պատճառներից մեկը պետք է համարել ահռելի ճեղքվածքը սոցիալ-տնտեսական պրակտիկայի ու գաղափարական այն ուղեցույցների միջև, որոնք ընկած են նշված հայեցակարգերի հիմքում: Հայտնի է, որ սովորաբար առանձնացնում են գաղափարական համակարգերի գործունեության երեք մակարդակներ. տեսական-հայեցակարգային, ծրագրային-քաղաքական /քարոզչական-լուսավորչական/ և արդիականացված /կենցաղային/: Գաղափարական հայեցակարգերի ու համակարգերի առավել արդյունավետ աստիճանը բացահայտվում է հենց երրորդ մակարդակում, որտեղ և ծավալվում են գաղափարա-քաղաքական դիմակայության արձագանքները: Նշենք այստեղ, որ չնայած ոչ նյութական արժեքների հռչակմանը որպես առաջնային /օրինակ, ազգի պատիվն ու արժանապատվությունը և այլն/, ցանկացած գաղափարախոսության հաջողված առաջընթացը հնարավոր է միայն զուգահեռաբար իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումների պարագայում: Եթե որպես բարձրագույն բանական էություն հռչակվում է ազգը, ապա գաղափարախոսության ներդրումն իրականացնող պետությունը կամ ազգային խումբը նախնական փուլում առաջին հերթին հոգատարություն է ցուցաբերում տվյալ հանրության անդամների նկատմամբ, որն արտահայտվում է պայմանների ստեղծմամբ արժանապատիվ ապրելու և իր ազգի ու պետության նկատմամբ հպարտության զգացումի առաջացման համար: Այսպես, օրինակ, նույնիսկ տարբեր բևեռներում գտնվող այնպիսի տրամաչափորեն հակադիր ուղղությունների գաղափարախոսները, ինչպիսիք են լիբերալիզմը, պահպանողականությունը, ֆաշիզմը կամ նացիոնալ-սոցիալիզմը, իրենց գործունեությունը սկսել են հենց սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումից: Հարկ է նշել, որ ժամանակակից Թուրքիայում նույնպես իրականացվում են բարեփոխումներ, որոնց խորքային նպատակը ոչ թե աբստրակտ եվրոինտեգրումն է, այլ երկրում սոցիալ-տնտեսական ճեղքվածքի վերացումը /աշխարհառազմավարական այլ նպատակների հետ մեկտեղ/: Սոցիալական արդարություն հասկացությանը /Հայաստանի պարագայում՝ ազգային-սոցիալական/, որքան էլ այն պատրանքային թվա, գործնականում բոլոր գաղափարական համակարգերում մեծ դեր է հատկացվում: Այս համատեքստում հարկ է նշել, որ արևմտյան հասարակական-քաղաքական մտքին հատուկ է այն անհրաժեշտության խորքային գիտակցումը, որ պետք սոցիալական արդարության եթե ոչ լիարժեք ձեռքբերումը, ապա գոնե այդ պատրանքի պահպանումը /սա թերևս այն է, ինչը կարելի է նրանցից սովորել/: Այստեղ հստակորեն երևում է նյութական և ոչ նյութական գործոնների կապը: Վերջինս չի կարող երկար գործել առանց առաջինի կողմից սնման: Հոգևոր և նյութական գործոնների սերտ փոխկապվածության փաստի անտեսումն էլ հենց հանդիսանում է ազգային գաղափարախոսական համակարգերի անարդյունավետ գործունեության հիմնական պատճառը հայ պետականության զարգացման արդի փուլում: Ահա, հենց սա է ազգային գաղափարախոսական համակարգերի անարդյունավետ գործունեության իրական պատճառը:
Հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության արդի գիտակցումը
Ներկա փուլում հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը կարող է բնորոշվել որպես ազգային /բարոյական/, ազգային-մշակութային, կրոնական ու լեզվային, հասարակական-քաղաքական, սոցիալական հիմնարար գաղափարների համալիր, որոնք երկար ժամանակ գերակշռում են հայ ժողովրդի քաղաքակրթական միջավայրում1 և կատարում են գլխավոր պատմական առաքելությունը՝ այդ ժողովրդի ինքնության առավել երկարատև պահպանումը, նրա սերունդների շարունակությունը և պետականության զարգացումը՝ սեփական գաղափարախոսության ազատ ընտրության պահպանման պարագայում:
Տեղափոխելով հայկական աշխարհայացքի ու պետական իրականության վրա, ազգային գաղափարախոսությունը պետք է դառնա հայ ազգի և պետության պահպանման ու զարգացման ռազմավարությունը՝ դրա համար անհրաժեշտ երկարաժամկետ նպատակների ու խնդիրների հաշվարկման ու իրականացման միջոցով:
Արդի փուլում, այսպես կոչված «ազգ-պետություն» տարատեսակի պետականություն ստեղծած հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության մեջ պետք է գերիշխի հենց ազգային բաղկացուցիչը, սակայն, որը պետք է օրգանապես համահունչ լինի բոլոր անհատների միասնության ու իդենտիֆիկացման սկզբունքի հետ, որոնք կիսում են հայ ժողովրդի համազգային նպատակները, եթե նույնիսկ նրանք էթնիկ առումով չեն պատկանում հայ ազգին, և որը ենթադրում է ռեսուրսների միավորման ու միասնականության սկզբունքը՝ անկախ քաղաքական, էթնո-մշակութային և այլ տարբերությունների ու հայացքների2:
Հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը չի կարող չհիմնվել ազգային բաղկացուցիչի վրա, քանզի քաղաքակրթության զարգացման համաշխարհային պատմությունը ցույց է տալիս հետևյալը. եթե որևէ ազգ սկսում է կորցնել իր ազգային արմատները, ապա նման ժողովուրդը՝ իր ազգային էությամբ, անխուսափելիորեն անհետանում է՝ ազատելով իր տարածքն այնպիսի ժողովուրդների համար, որոնց մոտ գաղափարախոսության ազգային բաղկացուցիչն ունի գերիշխող նշանակություն:
Հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ աստիճանաբար ձևավորվել են «հայ ազգային գաղափարի» սոցիոմշակութային և ազգային առանձնահատկությունները, որոնք պատմական զարգացման այս կամ այն փուլում արտացոլել են ինչպես հայ ազգային ինքնությունը, այնպես էլ հայկական պետականության գաղափարի հասունության մակարդակը, աշխարհի քաղաքական քարտեզի վրա վերջինիս արժանավոր տեղի օբյեկտիվ նկրտումները:
Հայ ժողովրդի և հայկական պետականության համար, քաղաքական առումով գերակշռող ազգային գաղափար պետք է դառնա հայ ժողովրդի համազգային նպատակների ձեռքբերման համար ռեսուրսների միավորման խտացված սկզբունքի իրականացումը: Ազգային գաղափարախոսության մշակման ժամանակ պետք է ելնել հայկական պետականության կեցության ու ամբողջ աշխարհով ցրված հայ ժողովրդի արդի փուլի օբյեկտիվ իրողությունից: Աշխարհի հայության նշված երկու բաղկացուցիչները միմյանց առավել կապակցող հիմքը հանդիսանում է ընդհանուր պատմական հիշողությունը, որը հիմնված է իր արդարացի տարածքային սահմաններում հայկական պետականության վերածնման նպատակի վրա: Իսկ տվյալ նպատակի ձեռքբերման հիմնական հենասյունը պետք է լինի համաժողովրդական համաձայնությունը համապատասխան բոլոր ռեսուրսների միավորման շուրջ:
Այսպիսով, ազգային գաղափարախոսության մեջ պետք է օրգանապես ներդաշնակվեն բոլոր ռեսուրսների միավորման և համազգային նպատակների սկզբունքները ամբողջ հայ ժողովրդի համար ընդհանուր/:
Բոլոր ռեսուրսների միավորման սկզբունքը – սա հայ ժողովրդի համազգային ուղեցույցն է, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հայկական պետականության այլ համապատասխան ռեսուրսների միավորման համաձայնեցված մոտեցումների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Սփյուռքի, բոլոր անհատների, հասարակական կազմակերպությունների, այլ հասարակական կառույցների, որոնց միավորում են հայկական համազգային նպատակները:
Հայ ժողովրդի համազգային նպատակներն են՝
- հայ ժողովրդի պահպանումն ու բարեկեցության ձեռքբերումը՝ որպես ինքնիշխան ու ինքնատիպ էթնո-մշակութային հանրություն,
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակումը և այդ գործընթացի ավարտը Թուրքիայի կողմից տվայլ փաստի ճանաչմամբ,
- Հայաստանի Հանրապետության ձևավորումը այնպիսի պետական-տարածքային սահմաններում, որոնք հիմնված են Հայոց ցեղասպանության արդյունքում կրած մարդկային կորստի, նյութական ու գույքային վնասի և Հայրենիքի քաղաքական կորստի արդարացի հատուցման սկզբունքի վրա: Այլ խոսքով, ի նկատի ունենք իր պատմական բնակեցման տարածքում /որպես այդպիսին դիտարկվում է Հայկական բարձրավանդակը/ հայությունը հավաքելու հայեցակարգի ստեղծումը:
Բոլոր ռեսուրսների միավորման սկզբունքը հնարավորություն կտա հաղթահարել հայկական աշխարհայացքային իրականության բազմաթիվ բացասական դրսևորումները, որոնք բարդացած են անհատականության, պետական ու հանրային շահի նկատմամբ սեփականի գերադասման բեռով, համազգային նպատակների իրականացման համար միավորման հետևողական պետական ավանդույթի բացակայությամբ:
Համազգային նպատակների ձեռքբերման առաջընթացը հնարավորություն կտա բոլոր ռեսուրսների միավորման սկզբունքին հաղորդել կիրառական, գորնականում նպատակաուղղված բնույթ: Իսկ այդ նպատակների ձեռքբերումը աշխարհի հայությանը հնարավորություն կտա.
- իրեն զգալ որպես ուժեղ և բարեկեցիկ ժողովրդի ներկայացուցիչ, որի կյանքն ու գործունեությունը կենտրոնացած է իր պատմական բնակեցման տարածքում՝ Հայկական բարձրավանդակում,
- հայկական պետականության համար ստեղծել անհրաժեշտ մարդկային, տարածքային, նյութա-ռեսուրսային հիմքերը իր քաղաքացիների անվտանգ կենսագործունեության և իր հետագա զարգացման համար,
- իր պատմական բնակեցման տարածքներում վերաստեղծել Հայրենիքի զգացմունքը, վստահություն ձեռք բերել տնտեսապես բարգավաճող, ժողովրդավարորեն զարգացած, քաղաքականապես պաշտպանված հայկական պետության կառուցման ունակության հարցում,
- շարունակել գլոբալ ու տարածաշրջանային գործընթացների մանրակրկիտ ուսումնասիրումն ու հաշվառումը, հայ ժողովրդի քաղաքական ու իրավական հավակնությունների հայեցակարգի մշակումն ու իրականացումը՝ հաշվի առնելով հայկական պետականության ազգային անվտանգության ապահովման հետագա հեռանկարը,
- ապահովել հայկական պետականության պատմական ու մշակութային զարգացման հետևողականությունը, ամբողջ աշխարհի հայ ժողովրդի ներկայացուցիչների ազգային ինքնությունը,
- հայ ժողովրդի ազգային գաղափարախոսությունը ներկայացնել համամարդկային արժեքների, արդարության սկզբունքների, գլոբալ ու տարածաշրջանային երկարատև կայունության հաստատման մեջ ունեցած իր ներդրման համատեքստում: Նպաստել դրսում հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության այնպիսի ընկալման ձևավորմանը, որի պարագայում հայկական պետականության տեղն ու դերը, հայ ժողովրդի քաղաքակրթական առաքելությունը միջազգային հանրության կողմից կդիտարկվեն հայկական պետականության, հայ ժողովրդի առաքելության կարևորության ու անհրաժեշտության դիրքերից:
Հայ ժողովուրդը ավտոխտոն է պահպանվել հենց իր պատմական հազարամյա ծագման ու Հայկական բարձրավանդակի տարածքում բնակեցման շրջանակներում: Հայերն իրենց ավտոխտոն բնակեցման տարածքը լքել են գերազանցապես դրսից եկող և տվյալ տարածքի քանակապես գերակշռող այլ ազգությունների կողմից բռնությունների հետևանքով, և իրենց պետությունը չեն ստեղծել նույնիսկ այնտեղ, ուր նրանք բնակչության պարփակ մեծամասնություն են կազմել պատմական Հայրենիքը լքելուց հետո: Այստեղից՝ հայ ժողովուրդը պետք է վերականգնի Հայկական բարձրավանդակի իր պատմական Հայրենիքի բնական սահմաններում կենսագործունեության իր իրավունքը:
Հայ ժողովրդի ազգային գաղափարախոսության առանցքային տարրը հանդիսանում է իր բնակեցման բնական պատմական տարածքի վերականգնումը, որը կորցվել է պատմական անցյալում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների հետևանքով: Այս առումով, Ղարաբաղյան շարժումը հանդիսանում է հայկական հողերի վերամիավորման միայն առաջին փուլը:
Կարելի է առաջարկել ազգային գաղափարախոսության հետևյալ անվանումը՝ «արարատականություն», այսինքն հայ ազգի հավաքումը իր պատմական բնակեցման տարածքում՝ Մասիս /Արարատ/ լեռան մոտ գտնվող կենտրոնով /պատմական Այրարատ նահանգում/:
- Քաղաքակրթության առավել հաջողված ձևակերպումներից մեկը նշում է, որ դա «մարդկանց հանրություն է, որոնք միավորված են հիմնարար հոգևոր արժեքներիով և իդեալներով, որն ունի սոցիալական կազմակերպման, մշակույթի…. տվյալ հանրությանը պատկանելու հոգեբանական զգացմունքի կայուն առանձնահատուկ հատկանիշներ»: Այստեղից, միավորող «հիմնարար հոգևոր արժեքներն ու իդեալները», հանրության յուրահատուկ հատկանիշների պահպանման ու զարգացման ուղեցույցը ոչ այլ ինչ են,քան կոնկրետ ժողովրդի ազգային գաղափարախոսություն:
- Վերջին դիտարկումը դրական առումով թույլ է տալիս ընդլայնել տվյալ տերմինի գործածության շրջանակները: Եթե խոսքը գնում է ժամանակակից Հայաստանի Հանրապետության մասին, ապա տվյալ գաղափարախոսության կրող կարող է դիտարկվել ՀՀ ցանկացած քաղաքացի՝ անկախ նրա էթնիկ պատկանելությունից: Եթե խոսենք Սփյուռքի հայ ժողովրդի մասին, ապա որպես դրա կրող կարող է դիտարկվել ոչ միայն էթնիկ հայը, այլև ցանկացած մարդ, որն իր համոզմունքներով կիսում է հայ ժողովրդի պատմական ճակատագիրը և հարգում է նրա արժեքային կողմնորոշիչ համակարգը:
Գառնիկ Իսագուլյան

