Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով քննարկել են պաղեստինա–իսրայելական սրացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի առաջնորդի գրասենյակին։
Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև մտահոգիչ հակամարտային գործընթացը և լարվածության աճը կանխելու միջոցները։
Կողմերը գնահատել են նաև նախաձեռնությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել պաղեստինա–իսրայելական սրացման շրջանում մարդասիրական կարիքների բավարարման համար։
Էրդողանն ասել է, որ քաղաքացիական բնակավայրերի գնդակոծությունը մտահոգություն է առաջացնում, Անկարան չի ողջունում նման նախաձեռնությունները։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան հետագայում ևս ջանքեր կգործադրի տարածաշրջանում հանգստություն ապահովելու համար», – հավելել են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից։

