Տավուշի մարզում կան Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ. Փաշինյան
Մենք ևս ունենք տարածքներ, մասնավորապես, Տավուշում, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե իբրև «ադրբեջանական» 8 գյուղեր ՀՀ տարածքում են, նախ արձանագրեց, որ մենք էլ ութ գյուղերի խնդիր ունենք, որովհետև նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերում և այլ տարածքներում: Ըստ Փաշինյանի՝ այդ հարցերի լուծումը մենք առաջարկել ենք դեռևս 2021թ.՝ ասելով, թե պետք է որոշել սամանագծման-սահմանազատման քարտեզտ և դրա սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք:
«Այսինքն, ենթադրենք՝ վերցնում ենք 1975 կամ 1975-78 թթ քարտեզները: Ընդ որում, ըստ էության, ԽՍՀՄ ողջ շրջանում, երբ ունենք տարածքների վերաբերյալ արձանագրումներ, ՀՀ տարածքի գնահատականը նույնն է՝ 29800 քառակուսի կմ: Այո, այդ քարտեզների մեջ կան որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր պարագծի մեջ չկա տարբերություն, որովհետև եթե այս քարտեզում այս մի տարածքը վերապահված է ՀՀ-ին, այն տարածքը՝ ոչ, ապա հաջորդ քարտեզում այն տարածքը, որը վերապահված չէր, վերապահված է, որը վերապահված էր՝ վերապահված չէ: Այսինքն՝ ընդհանուր տարածքի գնահատականը չի փոխվում դրանից, հետևաբար, ասում ենք, որ պետք է հասցեագրել հարցերը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց կամ լուծման ռեյսերի վրա չդրված հարց որևէ պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ։

