Չկա նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետականությունը ղեկավարելու համար․ Սիրանուշ Սահակյան

«Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը անդրադարձել է Արցախի նախագահների կալանավորման հարցին՝ ընդգծելով, որ գործ ունենք քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացի հետ։

«Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմները և կալանավորման հնարավորությունները օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Քանի որ Ադրբեջանը հասել է կայացած պետականության ոչնչացմանն ու ինքնալուծարման ակտի ընդունմանը և այժմ փորձում է պատժել այն անձանց, ովքեր խորհրդանշական նշանակություն են ունեցել Արցախի պետականության համար, օրինակ` նախագահներն այդպիսի դեր ունեին ընտրված կառավարման մոդելի շրջանակներում, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։

Դա նաև վերաբերում է հայանպաստ գործիչներին ու ռազմական գործիչներին։ Ուժեղ հայկական պետականությունը և մեր զարգացումը սպառնալիք է Ադրբեջանի պետականությանը»,- ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը պատժիչ գործողություններ է իրականացնում Արցախի առևանգված պաշտոնյաների նկատմամբ՝ չճանաչված պետությունում հայանպաստ գործունեություն իրականացնելու համար։

«Գործընթացը ցուցադրական է, նպատակը՝ հոգեբանական առավելություն ձեռք բերելը, որի երկարաժամկետ էֆեկտներից փորձելու է օգտվել Ադրբեջանը։ Առաջադրված մեղադրանքը կարող էր լինել քրեական օրենսգրքի ցանկացած հոդվածով, այստեղ հետաքրքրական է նաև, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում ունի հեղինակություն՝ քաղաքական դրդապատճառներով ցանկացած անձի հալածելու առումով։ Դա կարող են լինել հայեր, ինչպես նաև ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներ»,- նշեց Սահակյանը։

Միջազգային իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ ՄԻԵԴ 27 գործերից 11–ը կայացվել է Ադրբեջանի դեմ` քաղաքական դրդապատճառներով հալածանքների համար։ Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր կարելու և հասարակությանը մատուցելու ձևավորված պրակտիկա և պատմություն ունի։

Անդրադառնալով արցախցի պաշտոնյաներին ձերբակալելու իրավական հիմքերի օրինականությանը, Սիրանուշ Սահակյանը նշեց․

«Չճանաչված երկրի պաշտպանությանը մասնակցելը թույլատրվող գործողություններ են, ու մենք չունենք նախադեպ, որ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետականությունը ղեկավարելու համար։ Ավելին, մենք գործ չունենք ապօրինի չճանաչված ռեժիմի հետ, իսկ միջազգային իրավունքում այդ սահմանագծերը չափազանց հստակ են։

Բոլոր այն պայմաններում, երբ ինքնորոշման իրավունքը իրացվում է միջազգային իրավունքի կոպտագույն խախումներով, միջազգային կազմակերպությունները ունենում են դրան հակազդելու իրավական գործիքներ։ Անգամ այս պարագայում, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ չճանաչված պետությունը ձևավորվել է միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, անթույլատրելի է  համարվել այդ պետականության մեջ դերակատարում ունեցած անձանց հետապնդելը, այն էլ այնպիսի լրջագույն հանցագործության համար, ինչպիսին ահաբեկչությունն է։

Բացի այդ, Արցախի Հանրապետությունը օրինական կերպով ներգրավված է եղել տարաբնույթ բանակցություններում և բանակցողները նրան ընկալել են որպես լեգիտիմ կողմ։ Սրանք վառ փաստարկներ են առ այն, որ պետականության մեջ դեր ունենալը որևէ հիմք՝ հանցագործության համար չի պարունակում»։