ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Զանգեզուրի հանդեպ Ալիևի հավակնությունները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծավալուն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի հավակնությունները Սյունիքի հանդեպ և նրա պնդումները, թե Խորհրդային Միությունը «Զանգեզուրը տվել է Հայաստանին»։
Նրա խոսքով՝ այժմ ժամանակը չէ մեկնաբանելու պատմությունը՝ տեղերում իրավիճակի դինամիկ զարգացումը հաշվի առնելով։ «Այժմ իրավիճակը դինամիկ զարգանում է, և այն պահանջում է ավելի շատ օպերատիվ մեկնաբանություններ, քան դա պահանջում է պատմությունը»,- նշել է նա։
Զախարովան հայտնել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Նրանք կառաջնորդվեն այդ սկզբունքով իրենց գործողություններում։ Այս մասին կողմերը հայտարարել են։ Ռուսական կողմը շահագրգռված է Անդրկովկասում կայուն իրավիճակով, նա հանդես է գալիս բոլոր վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Ընդ որում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մեզ դաշնակից երկրներ են։ Երևանի հետ մեզ կապում են պարտավորություններն անվտանգության ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում։ Բաքվի հետ հաջողությամբ իրականացվում է դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, այդ հարցը ամենամանրակրկիտ ձևով դիտարկվում է եռակողմ աշխատանքային խմբի գծով՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ։
Մենք համոզված ենք, որ հենց այս ձևաչափով կարող է և պետք է գտնվի փոխընդունելի որոշումը, որը կերաշխավորի երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և իրավազորությունը այն երթուղիների հանդեպ, որոնք անցնում են նրա ազգային տարածքով։ Նման պայմանավորվածությունները՝ հիմնված շահերի հավասարակշռության վրա, օգուտ կբերեն ինչպես տարածաշրջանի պետություններին, այնպես էլ նրանց հարևաններին, ներառյալ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշել է նա։

