Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով. Աթանեսյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց քննիչի և դատախազի չներկայանալու պատճառով։ Դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին` ժամը 16։00–ին։
«Ես տեսնում եմ քննիչի ու դատախազի կողմից անբարեխիղճ վերաբերմունք իրենց դատավարական պարտականությունների նկատմամբ»,– հայտարարեց փաստաբանը։
Նրա համոզմամբ` Արմեն Աշոտյանին ազատելու որոշումը կարող է կայացնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ փաստաբանի` դատական այս ամբողջ գործընթացն ընդամենը «բուտաֆորիա է, որին պարտավոր են մասնակցել, որպեսզի հետո իրենց չմեղադրեն ինչ-որ բան չանելու մեջ»։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։

