Բժիշկները պահանջում են վիրավորներին Արցախից անհապաղ տեղափոխել Հայաստան. Նրանք հավաքվել են ԿԽՄԿ դիմաց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքվել են բժշկական համայնքի ներկայացուցիչներ։ Նրանք ցանկանում ենք հանդիպել ԿԽՄԿ գրասենյակի ղեկավարության հետ՝ ներկայացնելու իրենց պահանջը, նաև լսելու, թե ինչ է արել Կարմիր խաչն այս երեք օրերին ու ինչ է անելու Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետության վիրավոր քաղաքացիներին օգնելու համար։
Մանկական վիրաբույժ Աշոտ Հովսեփյանը ասաց, որ Կարմիր խաչից՝ որպես այս պահին Արցախ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպություն, պահանջում և խնդրում են ծանր վիրավորներին Հայաստան տեղափոխել:
Բժիշկները նաև նշեցին, որ բուժաշխատողներ կան, ովքեր կամովին ցանկություն ունեն գնալ Արցախ։
Նրանք կոչ արեցին ԿԽՄԿ-ին չմոռանալ իր առաքելությունը, չեզոքությունը չշփոթել անտարբերության ու անգործության հետ։
Բժշկական համայնքի ներկայացուցիչը նշեց, որ այստեղ մարդիկ ենք, ովքեր չեն ուզում, պատրաստ չեն վիրավոր ընկերոջը թողնել մարտի դաշտում, մարդիկ են, ովքեր երբեք անտարբեր չեն եղել Արցախի նկատմամբ, բազմիցս եղել են Արցախում տարբեր նախաձեռնությունների շրջանակում կամ կամովին։

