Ինձ դուր է գալիս. Թրամփը գնահատել է Պուտինի արձագանքը Ուկրաինայի վերաբերյալ իր ծրագրերին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի արձագանքը Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու իր մտադրություններին։

«Ինձ դուր է գալիս, որ նա այդպես է ասել, քանի որ դա նշանակում է, որ ես ճիշտ բաներ եմ ասում»,- ասել է քաղաքական գործիչը NBC News-ին։

Մարտին Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում կկարողանա 24 ժամվա ընթացքում ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն իր ծրագրի մանրամասները չի բացահայտել՝ պատճառաբանելով, թե հրապարակումն իրեն կզրկի մտահղացածն իրագործելու հնարավորությունից: ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ հասնելու է Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններին և գործարքի կնքմանը։

Արևելյան տնտեսական ֆորումում Պուտինը դրական է գնահատել Թրամփի պատրաստակամությունը մի քանի օրվա ընթացքում լուծելու հրատապ խնդիրները։ ՌԴ նախագահի խոսքով՝ «դա չի կարող չուրախացնել, դա լավ է»։