Բաքվի և Երևանի հարաբերությունների սրումը դժվարացնում է ապաշրջափակումը տարածաշրջանում. Օվերչուկ

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, բայց սրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իհարկե, ցանկացած սրում միշտ բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա, զսպում, դանդաղեցնում է մեր գործունեությունը, և ժամանակն անցնում է, մինչ մենք նորից վերադառնում ենք, նստում ու սկսում նորից աշխատել»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նա նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի (Օվերչուկ-Գրիգորյան-Մուստաֆաև) նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ դրա համար պայմանները հասունանան։

«Աշխատանքային շփումները մենք մշտապես պահպանում ենք։ Եթե պայմանները հասունանան, անպայման կհանդիպենք»,- ասել է նա։

Եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը վերջին անգամ տեղի է ունեցել հուլիսի սկզբին, այն ժամանակ ձեռք էր բերվել ընդհանուր ըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։