Աֆրիկյան միությունը ստացել է «Մեծ քսանյակի» մշտական անդամի կարգավիճակ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ հայնել է, որ Աֆրիկյան միությունն ստացել է աշխարհի առաջատար տնտեսությունների «Մեծ քսանյակի» (G20) մշտական անդամի կարգավիճակ, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել Հարավի երկրներին ավելի շատ ձայն տալու նրա ձգտմանը որպես ամենամյա գագաթաժողովի այս տարվա տիրոջ, տեղեկացրել է The Associated Press-ը։

Մոդին այս մասին հայտարարել է G20 գագաթաժողովի բացման ելույթում, գագաթաժողովն ընթանալու է Հնդկաստանում այս հանգստյան օրերին։

Մոդին այս տարվա գագաթաժողովի հիմնական տարրն է դարձրել Հարավի երկրներին արտահայտվելու հնարավորության ընձեռումը, եւ Աֆրիկյան միության ներառումը լուրջ քայլ է այս ուղղությամբ։

Նա «Մեծ քսանյակի» երկրների ղեկավարներին ասել է, որ նրանք պետք է լայնորեն տարածված խնդիրների «կոնկրետ լուծումներ» գտնեն, որոնք, նրա խոսքով, «համաշխարհային տնտեսության վերելքների եւ անկումների», Հյուսիսի եւ Հարավի միջեւ խզման, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ անդունդի, ինչպես նաեւ այլ հարցերի, ինչպիսին են ահաբեկչությունը, կիբեռանվտանգությունը, առողջապահությունը եւ ջրային ռեսուրսների անվտանգությունը, հետեւանք են։

Մոդին ելույթ է ունեցել այն վահանակի հետեւում, որի վրա նրա երկիրը նշված էր ոչ թե Հնդկաստան, այլ «Բհարաթ»՝ երկրի սանսկրիտով անվանումը, որը պաշտպանում են նրա հինդուիստ ազգայնական կողմնակիցները եւ որը նրա կառավարությունն առաջ է մղում G20-ում։

Երբ աշխարհի ուշադրությունն այժմ բեւեռված է Ուկրաինային, Հնդկաստանը ցանկանում է գագաթաժողովում ավելի շատ ուշադրություն հատկացնել զարգացող երկրների պահանջների բավարարմանը, չնայած շատ հարցեր, ինչպիսին է պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, անհնար է առանձնացնել եվրոպական հակամարտությունից, նշել է ԶԼՄ-ն։