Լեսնոյում կրակակետի չեզոքացումը ինքնապաշտպանության իրավունքի իրացում էր. առևանգված Վագիֆ Խաչատրյանի «մեղադրանքի» մասին (տեսանյութ)

1988-ին Մեշալի անվանափոխված Լեսնոյը դարձել էր պատուհաս՝ շրջակա հայկական բնակավայրերի, հատկապես՝ Պատարայի բնակիչների համար: Սպանությունների, գողությունների, ահաբեկչական ակտերի տասնյակ դեպքեր են հիշում Պատարայի հնաբնակները: Բնականաբար, Բաքուն ջանք էլ չէր թափում հանցագործներին սաստելու ուղղությամբ: Անգամ հակառակը, հաճախ ինքն էր հրահանգավորում: Այդպես էր մինչև 1988-ը: Իսկ Շարժման վերելքի հետ ադրբեջանցիների ագրեսիան ավելի աճեց: 1991-ի դեկտեմբերին Լեսնոյն արդեն ոչ թե պարզապես խաղաղ բնակավայր էր, այլ գոյության սպառնալիք մի շարք գյուղերի համար: Այդ հենակետի չեզոքացումը հասունացավ որպես անհրաժեշտություն և իրագործվեց ինքնապաշտպանական ջոկատների կողմից: Այդ ընթացքում երկու կողմից զինվորականներ զոհվեցին: Իսկ քաղաքացիական բնակչության ելքի համար միջանցք էր տրամադրվել, ինչի մասին հենց ադրբեջանցիների բերած թվերն են վկայում: Սա այն է, ինչը Բաքուն որպես ցեղասպանություն է ներկայացնում և դրանում մեղադրում նաև առևանգված Վագիֆ Խաչատրյանին: Ընդ որում, այսպես ասած վկաները հենց նրանք են, ում, ենթադրաբար, Վագիֆ Խաչատրյանը պետք է սպանած լիներ: