Բայրամովը կրկնել է Ակնայի ճանապարհի օգտագործման առաջարկը
Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նորից հնչեցրել է Ակնայի (Աղդամ) ճանապարհի օգտագործման առաջարկը արցախահայերի մատակարարումների համար, տեղեկացրել է APA-ն։
Հուլիսի 17-ի հանդիպման ժամանակ ընդգծվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման կարևորությունը երկկողմ և բազմակողմ պայմանագրերի շրջանակում, բարիդրացիության, բարեկամության և փոխըմբռնման պայմաններում։ Մասնավորապես, հաղորդման համաձայն՝ նշվել է, որ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրին համապատասխան՝ երկու երկրները կառուցում են իրենց հարաբերությունները անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա։
«Նշվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մեկնությունը հայկական կողմից չի համապատասխանում նշված շրջանակներին։
Ընդգծվել է, որ հայտարարությունները, թե «Լաչին» սահմանային անցակետի գործունեության հետ կապված՝ իբր դժվարացել է «լարված հումանիտար իրավիճակը», խեղաթյուրում են իրականությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը ստեղծել է պայմաններ «Լաչին» անցակետով հայ բնակչության անցման համար։ «Միևնույն ժամանակ նշվել է, որ Ադրբեջանի հայ բնակիչների պահանջների բավարարման համար հնարավոր է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ (Խանքենդի) ճանապարհի օգտագործումը»,- նշվել է հաղորդագրությունում։

