Խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Մտահոգիչ է, որ այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով։ Տարածքում հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։

Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ․

«Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից։ Սա կարող է ամենադրամատիկ հետևանքները բերել Ղարաբաղի հայության՝ շրջանի հասարակ բնակիչների համար։

Մենք խստորեն կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը անհապաղ ապաշրջափակելու, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու երկու ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։