Պատերազմն ադրբեջանցի զինվորների աչքերով․ մաս 3
Ջանավար-ը Մռավում ջարդվել է
Սկիզբը՝ այստեղ
Այս գրառումը Մռավի/Մուրովդաղի օպերացիայի մասին է։ Ադրբեջանական լրատվական աղբյուրներով հրապարակված տեղեկատվությունը սահմանափակվում է հիմնականում սեպտեմբերի 27-ին պաշտպանության նախարարության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությամբ առ այն, որ
Մռավը գրավվել է և Վարդենիս-Մարտակերտ/Աղդարա ճանապարհը այլևս ադրբեջանական բանակի հսկողության տակ է, ինչը հնարավորութուն է տալիս կանխել Հայաստանից ռազմական բեռների տեղափոխումը հյուսիսային ուղղության մարտական գործողությունների գոտի։ Այն, որ Մռավի օպերացիան շատ կարևոր էր, անկասկած է, այդ ուղղությամբ մեծ ուժեր էին կենտրոնացվել և լուրջ ջանքեր, բայց․․․
Քելբաջարի ազատագրության համար մեդալով պարգևատրման մասին նախագահական հրամանագրում 5368-ից ավել զինվորականների անուններ են, որոնց թվում 15 գնդապետ, 57 փոխգնդապետ, 117 մայոր, 150 կապիտան, 382 կրտսեր, ավագ լեյտենանտներ և լեյտենանտներ, 661 ենթասպաներ, 629 կրտսեր, ավագ սերժանտներ և սերժանտներ, 3356 ժամկետային և պայմանագրային զինվորներ։ Իրականում Մռավի ուղղությամբ կռվածներից շատերի անունները Սուգովշանի ազատագրության և Հայրենիքի համար մեդալներով պարգևատրվածների ցանկում են, և ադրբեջանական բանակի զոհերի թիվը չի սահմանափակվում Քելբաջարի ազատագրության համար հետմահու պարգևատրված 160 զինվորների ու սպաների անուններով։ Քելբաջարի ազատագրության մեդալով պարգևատրված միակ գեներալը Յաշմայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևն է, և շատերի մոտ թյուր պատկերացում կա, որ Յաշման կռվել է նաև հյուսիսային ճակատում, մասնավորապես, Մռավում։ Իրականում Մռավում Յաշմա չի եղել, հարձակման առաջնագծում կորպուսի 057 հատուկ նշանակության ջոկատն էր՝ Ադրբեջանում ու նրա սահմաններից դուրս քչերը գիտեն Ջանավար անունը։ Հենց Ջանավարի տղաները 3353 բարձունքի վրա ծածանեցին Ադրբեջանի դրոշը, այդ դիրքից տեսանյութը հրապարկվել էր, որտեղ երևացող 29 հոգին նահատակվեցին․ Վալիզադե Իբրահիմը, Վերդիև Նաթիգը, Վեհբալիև Էլշանը, Մահմեդով Թուրանը, Փիրսեյիդով Էլնուրը, Աբբասով Հուսեյնը, Իլգարօղլու Իխթիյարը․․․Ջոկատի հրամանատարը Զաուր Ռուսատմովն էր, ով զոհվեց Ջաբրայիլում, իսկ նրան փոխարինեց շտաբի պետ Նասիմի Շիրխալիևը։ Պատերազմից հետո ջոկատը լուծարեցին Կոմադոսի մեջ հատուկ նշանակության այլ ջոկատների հետ միասին բանակի բարեփոխումների ծրագրի շրջանակներում՝ պաշտոնական հիմնավորումն է, իսկ իրական պատճառը Ջանավարի և մյուս ջոկատների անձնակազմերում մեծ կորուստներն էին, որոնք վերականգնելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ։
Նախագահ Ալիևը հոկտեմբերի 1-ին հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Մռավում հայկական դիրքերը ոչնչացվել են, մի շարք ռազմավարական բարձունքներ վերցվել են մեր զորքերի վերահսկողության տակ։ Հոկտեմբերի 2-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Անար Էյվազովը էլ ավելի հեռուն գնաց՝ Մռավ լեռան ուղղությամբ գտնվող տարածքները արդեն մեր զորքերի վերահսկողության ներքո են։ Պաշտոնյաները հայտարարում էին հաղթանակի մասին, իսկ իրականում Մռավի օպերացիան հոկտեմբերի 2-3-ին վերջնականապես տապալվեց։ Այդ ուղղությամբ մենք մեծ թվով զոհեր ու վիրավորներ ենք տվել, ու զինվորների դժգոհության պատճառով դեռ պատերազմի ժամանակ քրեական գործ էր հարուցվել հրամանատարության ապաշնորհ գործողությունների քննության նպատակով։ Մեր մարտական ընկերներից շատերի դիակները մնացին այդ դիրքերում և երկար ժամանակ նրանց անունները անհետ կորածների ցուցակներում էին։ Դիակների մասունքները գտնվել ու ծնողներին են հանձնվել պատերազմի ավարտից հետո։ Մայոր Մաշիևի դին գտան 70 օր հետո, զոհվել էր սեպտեմբերի 30-ին, կրտսեր սերժանտ Էլչին Բաղիրովին, զոհվել էր հոկտեմբերի 1-ին, գտան դեկտեմբերի 20-ին, Քարիմ Մահմեդովը զոհվել էր հոկտեմբերի 2-ին, թաղվել է դեկտեմբերի 20-ին, մայոր Էլշադ Հասանովը մարտիրոսվել է հոկտեբերի 2-ին, հողին հանձնվել դեկտեմբերի 1-ին, Աքբար Փանահովը 9 ամիս անհետ կորած էր համարվում, 2021 թվականի հուլիսի 10-ին թաղեցինք, Օրուջ Վալիևի դիակը գտան դեկտեմբերի 18-ին, զոհվել էր հոկտեմբերի 1-ին, Էլվին Մուստաֆաևը գնդակից ընկավ հենց սեպտեմբերի 27-ին, բայց մարմինը հողին հանձնվեց միայն 2021 թվականի ապրիլի 27-ին, Ասլանով Բախթիյարի հոգին երկինք սավառնեց սեպտեբերի 27-ին, իսկ մարմինը հողին հանձնեցինք 2021 թվականի փետրվարին, Նիջաթ նագիևը զոհվեց սեպտեմբերի 30-ին, հուղարկավորվեց դեկտեմբերի 7-ին, լեյտենանտ Աբդուլլահ Ինստիղամի մարմինը 165 օր չէին գտնում, էլմադդին Վեքիլովինը՝ 8 ամիս․․․Շատ են անունները՝ 057-ի հետախուզությունից Ալիֆով Ռաֆաթը, Շահին Ջաֆարլին, Հուսեյն Գուլիևը, Փարվին Համիդովը, Համիդաղա Հուսեյնզադեն, Շամիլ Նաջաֆովը, տասնյակ, հարյուրավոր տղաներ, ում նահատակությանը պատիվ է բերում թշնամու մարտական խիզախության մասին իրականությունը պատմելը։ Բազմաթիվ տղաների աճյուններ են մնացել այդ դիրքերում, որոնք հեռուստատեսությամբ գրավել էինք ու գտնվում էին մեր վերահսկողության ներքո․․․Ի վերջո, ինչ է եղել Մռավում և ինչպես, այսօր քչերն են ցանկանում խոսել այդ մասին, անհարմար պատմություն է, որ քանդում է վախկոտ հայերի մասին հեքիաթը։
Այո, հարձակման առաջին օրը մենք որոշակի հաջողություններ ունեցանք, մի քանի դիրքերում հայերն իսկապես նահանջեցին ուժեղ մարտերով, բայց դիրքերը պահելը իրատեսական չէր, մեր հրամանատարությունը նույնիսկ նահանջը չկարողացավ ապահովել։ Հակահարձակման փորձեր եղան մինչև հոկտեմբերի 3, բայց անհաջող, զորքում լուրջ դժգոհություն էր հասունանում, ինչի պատճառով ստիպված եղան հրաժարվել նախանշված նպատակից։ Հեռուստատեսությամբ մի քանի հերոսների անուններ հռչակեցին, մեր մարտական ընկերներից Ջաբրայիլ Դովլաթզադեի անունով Պալմա հոլդինգը նավ անվանակոչեց ի պատիվ հայ գեներալի ու գնդապետի ոչնչացման, բայց ոչինչ որ 11 հոգուց կազմված ջոկատն ամբողջությամբ ոչնչացվել էր։ Ոչնչացված գեներալի անունը մինչև հիմա անհայտ է մնում։
Հայերի պաշտպանական գիծը Քելբաջարում երեք թևից էր բաղկացած, ընդհանուր առմամբ մեր առջև խնդիր էր դրված գրոհով վերցնել 10 դիրքեր, որտեղ հետախուզության տվյալներով մարտական հերթապահություն էին իրականացնում մինչև 150 հոգի։ Մեր հետախուզության տվյալներով հայկական մարտական հենակետերում հերթապահում էին հիմնականում ժամկետային զինծառայողներ ու չնայած նրանց թվաքանակը, ինչպես արդեն, նշել էի մեծ չէր, մենք շատ լավ գիտակցում էինք, որ մարտական խնդիրը չափազանց բարդ է։ Գրոհող ջոկատները ամբողջությամբ համալրված էին հատուկ նշանակության պատաստություն անցած տղաներից, ովքեր պատրաստվել էին լետնային տեղանքում մարտեր վարելու։ Նույնիսկ այդ պարագայում բոլորը հասկանում էին, որ գրոհող ջոկատներում ներգրավվում ենք որպես մահապարտներ։ Հրամանատարությունն էլ չէր թաքցնում, պայմանական մահապարտները պարտադիր պետք է ամուսնացած լինեին ու զավակներ, սեփական ընտանիքներ ունենային ի տարբերություն Յաշմայի, որտեղ ծառայում են չամուսնացածներ։ Գերի հանձնվելն արգելված էր, գերու ընտանիքը դառնալու էր հայրենիքի դավաճանի ընտանիք։
Հոկտեմբերի 3-ին վերջին ուժեղ փորձն արվեց Մռավի ուղղությամբ, բայց հայերի դիմադրությունն ուղղակի սարսափելի էր։ Հարամանատարությունը որոշում կայացրեց մեր զորքերի մեծ մասը Մռավի և Թալիշ- Աղդարայից տեղափոխել հարավային գոտի։
44-օրյա սրբազան պատերազմի մասին մեր երեխաներին պետք է ճշմարտությունը պատմել, ոչ թե ստեր կամ հեքիաթներ, որտեղ հայ զինվորներն անազնիվ են ու վախկոտ։ Այսօր համատարած սկսել են հեքիաթներ պատմել, ինչը նշանակում է, որ նոր պատերազմ են մտմտում կաբինետներում նստած։

