Քծնանք, ստորաքարշություն, օտարի շահերի սպասարկում. Փաշինյանի «դիվանագիտության» գործիքակազմերը

«Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, նա չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը»

Բանակցային գործի մասնագետներն ասում են` բանակցությունների վարման ամենակարևոր հմտությունը խաղը ճիշտ վարելն է` հիմնված սեփական պետության շահերի վրա: Շուրջ 30 տարի այդպես են աշխատել Հայաստանի նախկին  նախագահները` արցախյան բանակցային գործընթացում քայլ առ քայլ ամրացնելով հայկական դիրքերը: Նրանք բանակցում էին հանուն Արցախի հայկականության՝ հիմքում ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի արդար պահանջը։ Բանակցային գործընթացի բարդ ու դժվարին ճանապարհին ամեն ինչ արվում էր հասնելու Արցախի կարգավիճակի ամրագրմանը՝ որպես անկախ պետություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը քանիցս ասել է՝ մենք չենք բանակցել, թե ինչ ենք տալու, մենք բանակցել ենք, թե ինչ ենք ստանալու: Նախագահ Սարգսյանի կողմից վարվող  բանակցությունների լավագույն գնահատականը 2016-ին տվել է թշնամական երկրի նախագահ Ալիևը՝ Բաքվում հայտարարելով, թե «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»:

Մինչ չարբաստիկ 2018-ի «թավշյա» իշխանափոխությունը` միջազգային հանրությունն ամբողջությամբ աջակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին` ինչը ծավալվում էր հայտնի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք,  ուժի չկիրառում: Երկրների մեծ մասի համար արցախյան  հիմնախնդիրը լուծելի էր համարվում հենց  ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն: Եվ եթե պետությունների մեծամասնությունը հայտարարում էր, թե հարգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա ամենևին չէր նշանակում ինքնորոշման իրավունքի սկզբունքի անտեսում: Չկար գեթ մեկ երկիր, որը  հայտարարեր, թե Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանին անքակտելի մաս:

Իրավիճակը կտրուկ փոխվեց 2018-ից ի վեր, երբ իշխանության եկած (ավելի ճիշտ` իշխանության բերված) Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արցախյան հիմնախնդրի լուծումը զրո կետից սկսելու իր քաղաքականության մասին: Նա բանակցային գործընթացը քայլ առ քայլ տարավ Արցախից հրաժարման՝ մեր փոքր հայրենիքը Ադրբեջանին զիջելու ճանապարհով:

Ի՞նչ թողեցին նախկին նախագահները իրենց դիվանագիտության արդյունքում՝ երկու հայկական պետությունները`42 000 քառ. կիլոմետր տարածքով։ Ի՞նչ ունենք այսօր՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքով` շրջափակված Արցախ, սովահարության,  ցեղասպանության վտանգի առաջ կանգնած արցախահայություն, վտանգված Հայոց պետականություն։

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԷԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲԱՆԱԿՑԵԼ

Բանակցություններում շատ կարևոր են երկրի քաղաքական, ռազմական և տնտեսական ռեսուրսները, սակայն վերջին  5 տարիներին դրանք անխնա մսխվեցին  իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից:  Իսկ 2020-ի պատերազմում ու պատերազմից հետո Փաշինյան-Ալիև զույգի բանավոր համաձայնությունների հետևանքով հայկական կողմն արձանագրել է տարածքային հսկայական  կորուստներ, ինչն ամբողջությամբ  թուլացրել է Հայաստանի բանակցային դիրքերը:

Եթե նախկինում Ալիևը կերազեր հանդես գալ թելադրողի դիրքերից, ապա այսօր Փաշինյանի «կառուցողական» ընկերն է բանակցային օրակարգ թելադրողը` Թուրքիայի ու  իր արևմտյան սատելիտների ուղղորդմամբ:  Հայկական կողմի ցանկացած առաջարկ մերժվում է Ադրբեջանի կողմից: Այսօր Արցախի հարցում Բաքուն միայն մեկ հարցի շուրջ է ուզում բանակցել՝ Ադրբեջանի կազմում ԼՂ ամբողջական ինտեգրման:  Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հրապարակայնորեն մերժեց նաև Հայաստանի պահանջը` Բաքվի կողմից 120 000 արցախահայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու հարցում: Անգամ մարդասիրական հարցերում այս իշխանությունն անզոր է արդյունավետ բանակցություններ վարել ու ստիպել Ադրբեջանին գնալ համարժեք քայլերի: Առ այսօր չլուծված է մնում ռազմագերիների հարցը: Հիշո՞ւմ եք, 2021-ի նախընտրական շրջանում Փաշինյանն ի՞նչ էր ասում` մեր եղբայրները մեզ 2-3 ամիս էլ կսպասեն… Տղաները մինչև հիմա Բաքվի բանտերում սպասում են նրա խոստումներին: Իսկ ի՞նչ գործնական քայլեր է անում ՀՀ  իշխանությունը հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար: Ոչինչ: Տղերքն անտերության են մատնված` իրենց թիկունքում չզգալով Հայաստան պետության գոյությունը:  Ադրբեջանն էլ ոնց ուզում՝ վարվում է մերոնց հետ` ֆիլմեր է նկարահանում, շոուներ սարքում` հայ զինվորին պարտադրելով անգիր ասել նախապես պատրաստված  տեքստեր, ազատազրկման ամենաբարձր շեմն է սահմանում: Բաքվի բանտերում հայ զինվորների ճակատագիրը թողնված է Ադրբեջանի իշխանության բարեգթությանը…

Տարածաշրջանային  խաղացողները ևս, ի դեմս Փաշինյանի, գտան այն թույլին, կամակատարին, որի միջոցով Հարավային Կովկասում կարողանում են իրացնել իրենց քաղաքական, տնտեսական շահերը: Նիկոլի «դիվանագիտության» աղետալի հետևանքն է, որ Հայաստանը հայտնվել է գերտերությունների շահերի բախման կիզակետում: Մասնավորաբար, Արևմուտքը լավ հնարավորություն է ստացել հետամուտ լինել իր շահերի իրացմանը`Ռուսաստանին  տարածաշրջանից հեռացնելու հարցում: Չկա արցախյան հարց, չկա ռուսական  ներկայություն մեր տարածաշրջանում. սա ԱՄՆ-ը համոզմունքն է։ Դրա համար շտապում է արագ փակել Արցախի հարցը ի շահ Ադրբեջանի՝ հեռացնելով ռուս խաղաղապահներին Արցախից: Հաջորդ քայլը կլինի Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրս բերումը:

ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԵՐԸ

Քծնանք, ստորաքարշություն, անարժանապատիվ պահվածք,  օտարի շահերի սպասարկում. սրանք են Փաշինյանի «գործիքակազմերը», որ գործի է դնում բանակցությունների ժամանակ։

Կուրբան Բայրամի օրերին հայի արյուն թափելու մոլագարությամբ տարված թշնամին Արցախում 4 հայ զինվորի սպանեց, նույն օրը Փաշինյանը շտապեց շնորհավորել  Էրդողանի Կուրբան Բայրամը…

Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովը սպառնաց՝ Արցախի «անօրինական հայկական զինված կազմավորումները» ադրբեջանական բանակի մեկ կորպուսի միջոցով ոչնչացնելու մասին։ Իսկ Փաշինյանը կառավարության նիստում «վիզը ծուռ» շտապեց թշնամուն հավաստիացնել, թե Հայաստանը Արցախում «զինված կազմավորումներ» չունի:

Ադրբեջանը պետականորեն քարոզում է մտացածին «արևմտյան Ադրբեջանի» մասին,  Ալիևը չի թաքցնում Հայաստանի սուվերեն տարածքները զավթելու իր մտադրությունը՝ մտքով հասնելով Վայոց ձոր, Սյունիք, Գեղարքունիք, ընդհուպ՝ մինչև Երևան, իսկ Նիկոլը շարունակում է խոսել տխրահռչակ «խաղաղության դարաշրջանի» մասին ու հայտարարում` «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի»:

Դատեք ինքներդ․ արդյոք, այս մարդն ի զորո՞ւ է բանակցել։ Քաղաքականության մեջ նրա նմաններին օգտագործում են ուզածի չափ ու դեն նետում․․․

ՆԻԿՈԼԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԸ

Ի՞նչ օրակարգով է հայկական կողմը մասնակցում բանակցություններին:  Բանակցային գործընթացն այլևս բաց ու թափանցիկ է, գաղտնիություն չկա, դրա  անհրաժեշտությունն էլ չկա,  ինչպես ասում են՝ ստվերային փուլն արդեն ավարտված է, խաղաքարտերը` հանրայնացված:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ շատ պարզ հայտարարեց, թե ինչի շուրջ է  բանակցում Հայաստանը. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է: Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։ Ավելի վաղ Մակրոնն ասել էր` «Ալիևը, Շոլցը, Միշելը ու Նիկոլը խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին: Միայն ես եմ խոսում Արցախի անկախության մասին»: Հասկանալի է՝ Մակրոնը մեր «սիրուն աչքերի» համար չարեց նման բացահայտում, նա էլ իր շահերն ունի, գուցե հայ համայնքին հաճոյանալու նպատա՞կ։ Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանի «մտերիմ ընկերը» հրապարակավ ասաց ճշմարտությունը։ Իսկ որ  Փաշինյանը բանակցություններում վաղուց չի սպասարկում հայ ժողովրդի շահերը և շարժվում է թշնամական երկրի ցանկություններով՝ փաստում են ձախողված բանակցությունները։

Փաստ է նաև այն, որ Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան- Արմեն Գրիգորյան եռյակը բանակցություններում կամ անդրօվկիանոսյան հանդիպումներում հանդես է գալիս ոչ թե Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանության դիրքերից, այլ խոսում  այն մասին, թե արցախահայությունն ինչպես պիտի իր իրավունքները կարգավորի Ադրբեջանի սահմանադրության համաձայն: Այսինքն, սրանք Ադրբեջանի սահմանադրությունն են դիտարկում որպես արցախահայության իրավունքների և անվտանգության միակ երաշխավոր:

Սա հանցագործություն է Արցախի ու արցախահայության դեմ: 

ՍՐԱՆՔ ՄԵԶ ՀԱՐԻՖԻ ՏԵ՞Ղ ԵՆ ԴՐԵԼ, ԹԵ ԻՐԵՆՔ ԵՆ ՀԱՐԻՖ

«Բանակցային օրակարգը բաղկացած է միայն ադրբեջանական պահանջներից, այնտեղ հայկական պահանջ չկա: Այս իշխանությունները մեզ հարիֆի տե՞ղ են դրել, թե իրենք են հարիֆ։ Ուզում ենք Արցախը հանձնել Ադրբեջանի՞ն, իրո՞ք: Եթե մենք նման քայլի գնանք, եթե կամովին ստորագրենք փաստաթուղթը ու հանձնենք Արցախը Ադրբեջանին` մենք կհամարվենք աշխարհի ամենահարիֆ ժողովուրդներից մեկը: Չլսված բան է, որ ժողովուրդը ինքնակամ հրաժարվի ինքնորոշման իրավունքից»,- նման ահազանգ հնչեցրեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը,  շեշտելով․ «Եթե Փաշինյանը Արցախը Ադրբեջանին տալու փաստաթուղթ ստորագրի` նա սերմեր կցանի ապագա կանֆլիկտների համար»։

Խոսելով՝ Փաշինյանի ու նրա թիմի կողմից վարվող բանակցություններին, Վարդան Օսկանյանը նկատում է՝ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, փաստ է՝ նա չունի դիվանագիտական, ռազմաքաղաքական կրթություն, չունի փորձ, առավել ևս․ «Փաշինյանը չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, նույնիսկ մի բառը, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում»: «Ի՞նչ է այսօր փորձում անել Փաշինյանը․ նա ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը ի դիմաց նրա, որ ապահովում են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ 29․ 800 քկմ-ը։  Բայց նրա մոտ նույնիսկ սա չի հաջողվում անել, որովհետև իր սկզբնակետը սխալ է եղել, այնտեղ ևս ինքը սխալ է խոսել»։

ԱԳ նախկին նախարարն իր նախարարության շրջանից մի հիշեցում է անում․ «Իմ նախարարության շրջանում մենք որդեգրել էինք կոմպլիմենտար քաղաքականություն, որը կառուցված էր մի բառի վրա՝ փոխլրացում, որը նույնպես տվեց իր դրական արդյունքները։ Ուզում եմ ասել, որ խոսքը շատ կարևոր է ու սխալ խոսքը կարող է բերել պատերազմ, ճիշտ խոսքը կարող է նպաստել խաղաղության»։

Օսկանյանը զգուշացնում է՝ բանակցությունների գործընթացը ծավալվում է վտանգավոր տրամաբանությամբ, հայկական կողմը պատրաստ է ընդունել Ադրբեջանի ցանկացած պայման, միայն թե ստորագրվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»:

Հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու համար ՀՀ ԱԳ նախկին նախարարը իր առաջարկներն է արել․

-Փաշինյանը պետք է 3 ամիս լռի, ոչինչ չխոսի ու չվտանգի հայկական շահը,

– բանակցողների նոր խումբ պիտի ձևավորվի,

-կտրուկ փոփոխություն պիտի մտնի բանակցային տրամաբանության մեջ,

-պատերազմի սպառնալիքի տակ չպիտի գնալ ամեն գնով «խաղաղության պայմանագրի» կնքման՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս,

-բանակցային օրակարգում պետք է ներառել սովետական շրջանում Արցախի՝ ինքնավար մարզ լինելու փաստը, դա կստիպի Ադրբեջանին ընդունել, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշվելու:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի առաջարկություններին, դրանք համարեց տրամաբանական, նկատելով․ «Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի իրավիճակ է: Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները»։

Իշխանափոխությունը այս բարդ իրավիճակից լավագույն լուծում է համարում ՀՀ երրորդ նախագահը, միաժամանակ չբացառելով, որ վիճակը կարող է դրական առումով փոխվել, եթե «իրոք կարողանան պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանալ։ Թեև ես չեմ կարծում, թե այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»։

Հ.Գ․ Վերջերս կառավարության նիստում Նիկոլն այսպիսի մի կասկածելի միտք արտաբերեց. «Որքան էլ ծանր լինի թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ էմոցիոնալ, առումով, մենք ինքնատիրապետումը որևէ առումով չպետք է կորցնենք»։ Հիշեցի նրա խոսքերը՝ ասված 44-օրյա պատերազմի օրերին. «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Ասաց ու երկիրը տարավ արյունոտ պարտության:

Հիմա՞ ինչ է մտմտում հակահայի միտքը…

Արմինե Սիմոնյան