Դուք ճիշտ եք, Նիկոլ Փաշինյան, քանզի եթե լիներ հակառակ պատկերը, դուք այսօր, բախտի բերմամբ, թե պատահմամբ, չէիք զբաղեցնի վարչապետի պաշտոնը
Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է ՀՀ Սահմանադրության՝ պետության մայր օրենքի օրը։ Այս օրը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար չափազանց կարևոր է, քանզի Սահմանադրությունը պետության անձնագիրն է, որով յուրաքանչյուր քաղաքացի առաջնորդվում է և պահպանում ինչպես իր սեփական անձնագիրը։
Այսօր այս տոնի առիթով իր շնորհավորական ուղերձն է հղել ՀՀ քաղաքացիներին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որում մասնավորապես կոչ է անում կարդալ Մայր օրենքը․
«Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետև շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով»։
Այո, Նիկոլ Փաշինյան, բրավո, ճիշտ կոչ է բոլոր ՀՀ քաղաքացիներին և շատ դիպուկ դիտարկում, որ, ավաղ ՀՀ քաղաքացիները չեն կարդում օրենքները և հետևաբար տեղյակ չեն իրենց իրավունքներին և պարտականություններին, և եթե լիներ հակառակ պատկերը, դուք այսօր, բախտի բերմամբ թե պատահմամբ, չէիք զբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Հիմա, ինչպես ասում են, հերթով կարգով, շարքով ․․․
Նիկոլ Փաշինյանը իր շնորհավորական ուղերձում ընդգծում է, որ ՀՀ Սահմանադրությունը պետության մասին ընդհանրական և ռազմավարական պատկերացումների մասին է, Սահմանադրությունը, պետության առանցքային մեխանիզմների գործունեության, մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտականություններին մասին է, և ինչպես միշտ, շարունակում է ներկայացնել իր կեղծ, երևակայական իրականությունը, որն այսօրվա մեր պետության և կյանքի հետ որևէ աղերս չունի․
«ՀՀ գործող Սահմանադրությամբ պետական կառույցներն իրավունք ունեն անել այն, ինչ նրանց թույլատրված է Սահմանադրությամբ և օրենքներով, մարդն իրավունք ունի անել այն, ինչը չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, այսինքն արգելված չէ:
Մեր երկրում հենց այս սկզբունքի վրա է հիմնված իրավակարգը և թույլ տվեք ասել, այսօր հենց այս սկզբունքի վրա է հենված մեր իրականությունը: Այդ իրականությունը, իհարկե, իդեալական չէ: Բայց այսօր քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքները հասանելի են բոլոր մարդկանց, ինչպես վայել է ժողովրդավարության երկրին: Սա մի արդյունք է, որն այլևս չի նկատվում, որովհետև դարձել է սովորական և այն, որ դարձել է սովորական, թերևս ամենամեծ արդյունքն է», – Փաշինյան:
Եթե փորձենք վերլուծել ՀՀ Սահմանադրությունը, ապա առաջին իսկ հոդվածներից պարզ է դառնում, որ այսօր Սահմանադրությունն և ՀՀ պետությունը իրար հետ ոչ մի առնչություն չունեն։
ՀՀ Սահմանադրության նախաբանն իսկ այսօր ոտնահարված է, քանզի սկզբունքները՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, որոնց հիման վրա ընդունվել է Մայր օրենքը, հստակ արձանագրում և կարևորում են Հայրենիքի հզորացումն ու առաջընթացը, և ոչ թե հայրենիքի նվիրատվությունը թշնամական պետությանը, այն, ինչ ակտիվորեն իրականացվում է այսօր։
Երբ, Նիկոլ Փաշինյան, դուք նշում եք, թե մեր պետությունն այդ սկզբունքների վրա է հիմնված, մեր իրավակարգը առաջնորդվում է այդ սկզբունքով, դուք ստում եք, որովհետև, այո, մեր պետությունը առաջնորդվում էր ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես դուք եք ասում «նախկինների» օրոք, որի շնորհիվ դուք հնարավորություն ունեցաք 2018-ի ձեր հեղաշրջումը որակել «թավշյա, ոչ բռնի», քանզի պետության պատասխանատու անձը առաջնորդվեց հենց Սահմադրությամբ, հարգելով ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատ կամքի դրսևորումը, և անկախ այն հանգամանքից, որ քաջ գիտակցում էր, որ այս ամենի հետևում կանգնած ուժեր կան՝ «Ես կրկնում եմ, որ չեմ պարտվել սրանց. ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի» (Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կինոռեժիսրո Մհեր Մկրտչյանին), նա ուժ չկիրառեց և թույլ տվեց, և հնարավորություն ընձեռեց ձեզ իրականացնելու ՀՀ քաղաքացիների երազանքներն ու ցանկությունները․
«Նորից եմ կրկնում՝ այո, ցանկացած պահի, ընդգծեմ՝ ցանկացած պահի, կարելի էր ուժ կիրառելու միջոցով խնդիրը լուծել: Բայց եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, ապա կարծում եմ՝ հետևանքները շատ ծանր կլինեին: Հիշեք, թե ցուցարարների շարքում ինչքան երեխաներ, կանայք կային, և մենք դրա համար ձեռնպահ մնացինք»: (Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կինոռեժիսրո Մհեր Մկրտչյանին)։

Այս սկզբունքայնությունն ու գործելաոճը խորթ է ձեզ համար, պարոն Փաշինյան, քանզի այս 5 տարիների ընթացքում ցանկացած մարդկային կուտակում ձեր մեջ վախ է առաջացնում, և ոտնահարելով հենց նույն օրենքը, դուք ոստիկանական ահռելի ուժեր եք ուղարկում մարդկանց վրա, չնայած նույն Սահմանադրության մեջ հստակ նշված է․
«1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
- Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
- Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: (ՀՀ Սահմանադրություն, հոդված 3, ինչպես նաև Գլուխ 2, հոդվածներ 23-81)

Փաշինյանն այսքանով չի բավարարվում և ինչպես միշտ, ավելի է խորանում իր ստերի թակարդում․
«Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար. և՛ Կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության»:
Ինչպես կասեր դասականը՝ իյա, իրո՞ք ․․․
Այսօր դատական համակարգի «աննախադեպ բարեփոխումների» և «անվերապահ վստահության» արդյունքո՞ւմ է, որ ունենք աննախադեպ մեծ թվով քաղբանտարկյալներ, անգամ պետության խոշորագույն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն է գտնվում ճաղերի հետևում ինչ-որ արհեստական հոդվածով, միայն այն բանի համար, որ ամեն անգամ դիպուկ և հասցեական բացահայտում է փաշինյանական ստերը։ Կատարյալ դատական համակարգի պայմաններո՞ւմ է, որ դատարանի դահլիճում հանկարծամահ է լինում քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը, ում մեղադրում էին «թուրք» բառի համար, մինչդեռ Փաշինյանը Նիկոլը առանձնահատուկ նշում է, որ ինքը չի վիրավորվում թուրք անվանվելուց ․․․
Անաչառ դատական համակարգի պայմաններո՞ւմ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 2019 թ․ մայիսի 19-ին կոչ էր արել հանուն արդար դատական համակարգի հաստատման ու ամրապնդման, մայիսի 20-ին փակել բոլոր դատարանների մուտքերը, կամ 2019-ի հունիսի 5-ին ասում էր․ «Էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»։

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության մեջ սևով սպիտակին գրված է․
«Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա» (ՀՀ Սահմանդրություն, հոդված 4)։
«1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» (ՀՀ Սահմանդրություն, հոդված 6)
«1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան» (ՀՀ Սահմանդրություն, հոդված 164):
Ինչ վերաբերում է շնորհավորական ուղերձում Փաշինյանի կողմից անվտանգության ոլորտի մասին մտքերի գեներացմանը, ինչպես ասում են՝ այստեղ ինչպես միշտ․․․
«Արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրիդ ու այստեղ մենք լրջագույն մարտահրավերներ ունենք: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը:
Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը»:
Եթե փորձենք խմբագրել իր խոսքերը, ապա ստացվում է․ «ունենք անվտանգության լրջագույն խնդիրներ, որոնցից դուրս գալու միակ ելքն ըստ այսօրվա կառավարության՝ խաղաղության օրակարգն է, որը ենթադրում է՝ հույս չունենաք, որ լինելու է խաղաղություն, բայց պարտավոր եք տարածքներ զիջել, որ գոնե մի կտորը ճանաչի թուրքը որպես ՀՀ տարածք, այն էլ հարաբերական է, իսկ ԼՂ հայությունը թող իր հարցերը լուծի ոնց ուզում է, մենք միջազգային հանրության պես միայն իրավունքների և անվտանգության կոչեր կանենք»․․․
Այո՛, ողբերգություն է այսօր, այո՛, այսօր տոնել մեր Մայր օրենքի օրը, մեղմ ասած, անհնար է, բայց այս ամենում յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի մեղքի իր բաժինը, հետևաբար նաև՝ շտկելու իրավունքը, քանզի հենց ՀՀ Սահմանադրությունը հստակ արձանագրում է․
«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է» (ՀՀ Սահմանադրություն, հոդվածներ 1-2):
Հետևաբար, եկե՛ք իսկապես իմանանք մեր օրենքները, տե՛ր կանգնենք մեր սահմանադրական իրավունքին, այն է՝ մեր իշխանությանը, որը ստերի, տեխնոլոգիաների և մանիպուլյացիաների շնորհիվ յուրացվեց 2018-ին, և դրա հետևանքով մենք շարունակ կորցնում ենք տարածքներ, հայորդիներ, և մեր արցախցի եղբայրներին և քույրերին մատնում ցեղասպանության ճիրաններին։
Ժաննա Ծառուկյան

