Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձը լրջագույն ջրբաժան է. Վիգեն Սարգսյան

Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձը, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության եւ ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ջրբաժան. Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր եւ կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբեւէ խոսելու իրավունքից:

Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ եւ ցինիկ դրսեւորումներին: Բայց Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության եւ ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է:

Նույնիսկ եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումն ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է:

Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս եւ յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր եւ կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբեւէ խոսելու իրավունքից:

Եվ սա վերաբերում է բոլորին`

– Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` իշխանական, ընդդիմադիր, արտախորհրդարանական

– բոլոր լրատվամիջոցներին եւ դրանց թղթակիցներին

– բոլոր դեսպանատներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,

– բոլոր իրավապաշպան կազմակերպություններին եւ իրենց միջազգային կենտրոնակայաններին,

– բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններին

– եվրոպական բոլոր կառույցներին, զեկուցողներին, հանձնակատարներին,

– բոլոր բուհերին, դրանց դասախոսներին եւ ուսանողներին,

– այն բոլոր քննիչներին, դատախազներին եւ դատավորներին, ում ձեռքով հաշվեհարդար են տեսնում քաղաքական ընդդիմախոսներից,

– ֆորմալ եւ ոչ-ֆորմալ հասարակական միավորումներին

– հայ մտավորականներին

– Սփյուռքի բոլոր կառույցներին

Արմենը հինգ տարի է ենթարկվում է հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բոլոր հնարավոր կտտանքների: Եվ եթե նա չի լռել, դա նրանից չէ, որ կորցնելու բան չունի, կամ ըտանիք չունի, որի համար պատասխանատու է: Նա շարունակում է պայքարը, քանի որ փորձագիտական մակարդակում տեսնում է վրահաս վտանգը, քաղաքական մակարդակնում պարտավորված է զգում իրեն բարձրաձայնել այդ վտանգի մասին, իսկ ազգային հարթությունում չի կարողանում պատկերացնել համակերպվել այս դավաճանության հետ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԻՆ»,- գրել է նա: