Ո՞ր անուղեղն է խորհուրդ տվել Փաշինյանին՝ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամին բարևել․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին
Թուրքիայում հայտնի «Սուլեյման Աղա» աղանդի իմամներից մեկն է՝ Ադեմ Շեները, ծայրահեղական հայացքների և բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի։ Երկու օր առաջ Թուրքիայում Էրդողանի երդման արարողությանը Նիկոլ Փաշինյանը իրեն է բարևել և թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալի արձագանքի արժանացել։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա դիմելով Արարատ Միրզոյանին, հարցրեց․
«Ուզում եմ հասկանալ` ո՞ր մի անուղեղն է խորհուրդ տվել երդման արարողության ժամանակ, նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի բարևել»։
Արտգործնախարարն արձագանքեց՝ Թուրքիայի նախագահի երդման արարողությանը, ենթադրում եմ, հրավիրել են արտասահմանյան հյուրերի և հյուրերի Թուրքիայից, որոնց թվում նաև Հայաստանի վարչապետն է։
«Ինչ-որ պահի մարդիկ շփվում են, բարևում են իրար։ Այդտեղ այդքան օպերատիվ հասցնել բոլոր հյուրերի մասին տեղեկացնել, բոլորի ինքնակենսագրականներով, հայացքներով և գործունեության տարբեր ասպեկտներով, մի քիչ իրատեսական չի, կարծում եմ»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ դա սովորական բարև էր, և որին քաղաքական տեսանկյունից պետք չէ նայել․ «Եթե երկու մարդ իրար մոտենում բարևում են, մի քիչ դժվար է պատկերացնել, ոնց էդ սխեման աշխատացնել, որպեսզի անգիր իմանաս բոլորին, և ընդամենը բարևի մասին է խոսքը, ես չգիտեմ ինչ քաղաքական բաներ եք բխեցնում»։

