Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից հայ երկու զինծառայողների առևանգման դեպքով

Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը երեկ՝ մայիսի 28-ին, դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին հայտնել է գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ զինծառայողների կյանքի իրավունքը ապահովելու նպատակով։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի», – նշեց Սամվելյանը։

Հիշեցնենք` մարտի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի է դարձել, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։

ՊՆ-ը հրապարակել է զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: