Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճաններ
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնում են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից: Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:
Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք» գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են որպես շինանյութ:


