Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին

Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման բացման խոսքում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լավ հնարավորություն է օգտվել Մոսկվայում Ձեր գտնվելուց, որպեսզի դիտարկենք նաև մեր երկկողմ գործերի վիճակը, առավել ևս՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախատեսվող շփումների նախաշեմին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել մեր ուղղվածությունը՝ իրագործելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախագահներ Պուտինի և Ալիևի միջև։

Վերջին հետաքրքիր նախագծերից է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը։ Մեր առաջնորդները դա քննարկել են միմյանց միջև և այլ շահագրգիռ երկրների մասնակցությամբ, իսկ դրանք քիչ չեն։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպման ժամանակ կհամաձայնեցվի հետագա աշխատանքն այս և այլ ուղղություններով։

Կցանկանայի նշել, որ ս.թ. մայիսի 15-ին Մոսկվայում մեկնարկել են Խորհրդային Միության և Ադրբեջանի մեծ պետական գործիչ Գ.Ա.Ալիևի հարյուրամյակին նվիրված հիմնական միջոցառումները: Նա իսկապես միավորող դեմք էր մեր երկրների համար։ Շնորհակալ ենք այս միջոցառումների կազմակերպման գործում Ձեր դեսպանության հետ սերտ համագործակցության համար:

Առևտուրը մեզ մոտ վերելք է ապրում, ներդրումներն աշխատում են։ Ընկերությունները լրացուցիչ ծրագրեր ունեն: Կարծիքներ կփոխանակենք այս հարցերի շուրջ։ Տեսնենք, թե ինչպես ավելի լավ կլինի պատրաստվել մեր հայ գործընկերոջ հետ եռակողմ շփմանը։ Այն նախատեսված է օրվա երկրորդ կեսին»,-ասել է Լավրովը։