Թմրանյութն ընդդեմ շախմատի

Դեռ Իտալիայում առգրավված և Հայաստան ուղարկելու համար նախատեսված 800 մլն դոլար արժողությամբ մոտ 3 տոննա կոկաինի թեման չմարած, այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն տարածեց, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց՝ մոտ 250 միլիոն եվրո արժողությամբ, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Հիշեցնենք, որ երեկ Իտալական ֆինանսական գվարդիան հայտնաբերել էր կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2,734 կիլոգրամ, որը Հայաստան էին պատրաստվում ուղարկել Էկվադորից։ Արգելված բեռը կալանավորվել էր Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։ Այս երկու կոնտեյներները Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթում նավահանգստով ուղևորվում էին Հայաստան։ Առգրավված թմրանյութը, որը պարզվել է՝ չափազանց մաքուր է և կատարյալ վիճակում, թմրամիջոց վաճառողներին ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ կբերեր։

Նիկոլի ղեկավարած Հայաստանում թմրանյութերի շրջանառության, վաճառքի թեման սովորական երևույթ է դարձել, և տարեցտարի ավելի ու ավելի են շատանում թմրանյութերի տարածման և հատկապես դեռահասների շրջանում դրանց օգտագործման մասին տեղեկությունները՝ թող որ դեռ ոչ պաշտոնական խողովակներով, բայց հատկապես դպրոցահասակ երեխաների ծնողներն ահազանգում են իրենց երեխաների ու նրանց հասակակիցների շրջանում թմրանյութերի անարգել տարածման մասին։ Գեղեցիկ ու ժամանակակից գաջեթներ, նյութական գայթակղիչ արժեքներ ձեռք բերելու համար երիտասարդության շրջանում խրախուսվում է թմրանյութերի տարածմամբ զբաղվելը՝ որպես բարձր եկամտի աղբյուր։ Իսկ թմրանյութից օգտվելու գայթակղությունը առավել մեծ է աղքատության բարձր ցուցանիշ, սթրեսային վիճակում գտնվող հասարակություն ունեցող երկրներում, իսկ Հայաստանը վերջին տարիներին հենց այդպիսի երկրների ցանկում հայտնվելու վտանգի առաջ է կանգնած։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը մինչև մեր նշած բացահայտումներն արդեն ահազանգել էր, որ մայրաքաղաքի դպրոցներում ազատորեն թմրանյութ են տարածում դեռահասների շրջանում՝ ընդհուպ մինչև իրավական համակարգի բարձր հովանավորությամբ։ Մեր խմբագրություն ևս ՀՀ քաղաքացիներ են ահազանգում, որ իրենց շքամուտքում տոպրակով սպիտակ փոշի են հայտնաբերել՝ ենթադրելով, որ այդկերպ թմրանյութը հասանելի են դարձնում տվյալ շենքի երեխաների, երիտասարդների համար։ Թե ինչ մեխանիզմով են թմրանյութերից կախվածություն առաջացնում, վաղուց գաղտնիք չէ, և հենց այդ տեխնոլոգիայով հիմա էլ հայ երեխաների որս են սկսել՝ կարծես հոգեորսությունն աղանդների միջոցով քիչ էր։

Այն, որ այս իշխանության ներկայացուցիչների՝ անգամ այսօր բարձր պաշտոններ զբաղեցնողների կողմից թմրանյութ օգտագործելը բնականոն երևույթ է, դեռ մինչև հեղափոխությունն էր բացահայտվել։ Այսօր ԱԺ նախագահի պաշտոնում ինքնադրսևորվող Ալեն Սիմոնյանը միշտ էլ զբաղվել է մարիխունայի քարոզչությամբ՝ ժամանակին գրելով, որ իշխանության գալով՝ կարևոր քայլերից մեկը լինելու է մարիխուանայի օրինականացումը։ Իսկ վերջերս էլ իշխող քպ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էր ցինիկորեն հայտարարել, թե «Հայաստանում որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում»։

Ակամա հարց է ծագում։ Ինչո՞ւ Նիկոլի այդքան չսիրած նախկինների ժամանակ Հայաստանում թմրանյութերի թեման այդչափ արդիական չէր, որքան այսօր։ Եվ դեռ մենք միայն բացահայտված դեպքերի մասին ենք իմանում։ Արդյո՞ք Իտալիայում հայտնաբերված և առգրավված թմրանյութը Հայաստան հասնելով՝ հնարավոր կլիներ գտնել ու կանխել դրա հետագա տարածումը։ Հաշվի առնելով, թե ինչ «արդյունավետությամբ» են այսօր աշխատում մեր իրավապահները, լուրջ կասկածներ են առաջանում այդ հարցում։ Մյուս կողմից էլ կարելի է ենթադրել, որ 800 մլն դոլարի թմրանյութ Հայաստան կարող էր մտնել միայն իշխանական կամ մերձիշխանական օղակների իմացությամբ։ Թե չէ այդ ո՞ր քաջն է, որ առանց լուրջ երաշխիքների այդքան գումար ծախսեր՝ վստահ չլինելով, որ ապրանքը տեղ է հասնելու և ինքն էլ կարողանալու է իր ակնկալած եկամուտը ստանալ։

Եթե այսօրվա իշխանությունները Հայաստանի դպրոցներում ու դպրոցահասակ երեխաների շրջանոմ թմրանյութերի օգտագործումը խրախուսելու քաղաքականություն են վարում, ապա ինչո՞վ էր վատ Սերժ Սարգսյանի ղեկավարությունը, որի ժամանակ դպրոցներում սկսեցին շախմատ ուսանել՝ 2-4-րդ դասարաններում շաբաթական երկու դասաժամով, հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա ընդգրկվեց դպրոցական ծրագրերում։ Ասել է թե, նախկին իշխանությունը նախատեսում էր կրթել ու մեծացնել խելացի, ազգային արժեքների հարգն իմացող սերունդ՝ որպես ամուր պետություն կազմելու հենարան։ Դեռ 2011 թվականից Հայաստանի դպրոցներում դասավանդվում էր շախմատը՝ որպես առանձին առարկա։ Ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով այն հանվեց դպրոցական ծրագրից։ Նրանց ինչի՞ն են հարկավոր մտածող, խելացի սերունդները, որոնց կողքին իրենց անգրագիտությունը, տհասությունը, գաղափարազուրկ լինելը աչքի էր զարնվելու։

Իշխանության գալու առաջին օրվանից քպ-ականները պատերազմ հայտարարեցին նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկային՝ Հայ Առաքելական եկեղեցին հալածելուն զուգընթաց։ Եվ վերջապես հասան իրենց պիղծ նպատակին, այսօր այն այլևս դպրոցական ծրագրերում ներառված չէ։

Այսօր՝ հինգ տարվա հեռավորությունից և այս իշխանությունների սփռած ավերածություններից ու պղծություններից հետո թերևս արժե նախկինում արված քայլերը վերարժևորել ու հասկանալ՝ որքան երկար շարունակվի Նիկոլի իշխանությունը, այնքան մենք բարոյալքվելու ենք և մեր երեխաները դառնալու են թմրամոլներ, հարբեցողներ՝ զուրկ հոգևոր արժեքներից ու ազգային նպատակներից։

Թագուհի Ասլանյան