Քըլըչդարօղլուն Զանգեզուրի հարցում աջակցում է Իրանին. ադրբեջանցի վերլուծաբան

Թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին:

Քըլըչդարօղլուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդն է ու այժմ ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված է իբրև նախագահի միասնական թեկնածու մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններում։ Այս մասին գրում է «Էրմանիհաբերը»:

Բիլիզը նախկինում եղել է Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Պարբերականում թուրքատառ ադրբեջաներեն հրապարակման մեջ նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Քըլըչդարօղլուի վերոնշյալ ճանապարհի քարտեզի գծագրման մեջ Ադրբեջանը չի եղել և այդ իսկ պատճառով այն որակել է «անհարգալից» քարտեզ:

Հոդվածի հեղինակը ներկայացրել է նաև Ադրբեջանում Քըլըչդարօղլուի խոսքերի ստացած արձագանքը:

Մասնավորապես ադրբեջանական «Musavat» թերթի հոդվածագիր Այգյուն Մուրաթհանլըն «Քըլըչդարօղլուն ինչո՞ւ չի սիրում Ադրբեջանը» հրապարակման մեջ քննադատել է թուրք ընդդիմադիր կուսակցապետին` նշելով, որ 75 տարվա կյանք ունեցող Մետաքսի ճանապարհի անվան տակ նա ի ցույց է դրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ.

«Ադրբեջան չկա, Բաքու չկա: Թուրանի ճանապարհը, որտեղ Ադրբեջան չկա, դավաճանություն է թուրքական աշխարհի հանդեպ»,- ընդգծել է Մուրաթհանլըն:

Ապա փորձելով բացատրել Քըլըչդարօղլուի քայլերը՝ ադրբեջանցի հոդվածագիրը գրել է. «32 տարի Իրանը գործում է թուրքական և մուսուլմանանական աշխարհներին, ինչպես նաև Ադրբեջանին թուլացնելու համար: Իրանը Հայաստանին ամեն կերպ աջակցում է, ադրբեջանական բանակի դեմ նրանք միասին են պատերազմում: Այսպիսով Քըլըչդարօղլուն մեկն է Իրանից, ով ընկել է երազանքների գիրկը և գծում է Թուրանի ճանապարհը»:

Ըստ Մուրաթհանլըի՝ թուրք քաղաքական գործիչը Թուրանի նման քարտեզ ցույց տալով՝ բացահայտ ասել է, որ նախագահ դառնալու դեպքում աջակցելու է Իրանին Զանգեզուրի  հարցում:

Իսկ հոդվածի վերջում վերլուծաբանը վստահություն է հայտնել առ այն, որ մայիսի 14-ին «ԺՀԿ» առաջնորդին թուրք ազգը կտապալի՝ ազգին որակելով «Թուրանի պահապաններ»:

Հիշեցնենքոր մայիսի 7-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն  «Ո՛չ Արևմուտքի, ո՛չ Արևելքի, սա թյուրքի ճանապարհն է» վերնագրով  Twitter-ում հրապարակած տեսանյութում հայտնել էր, որ ընտրվելու դեպքում կյանքի է կոչելու Թուրքիան Չինաստանին կապող տրանսպորտային նախագիծ, որով պետք է ակտիվացվի Մետաքսի ճանապարհը։

Ծրագրի համաձայն ճանապարհը չի անցնելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» և շրջանցելու է Ադրբեջանը։