Անկարան սպասում է հարմար պահի՝ սահմանին գործողությունները շարունակելու համար․ Էրդողան

Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայի և Իրաքի հետ սահմանին չեն ավարտվել, Անկարան սպասում է հարմար պահի: «ՌԻԱ Նովոստի»ի տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

«Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել: Մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,-նախօրեին TVnet-ին ասել է Էրդողանը:

Էրդողանը նաև մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կոչ է արել ճանաչել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) որպես ահաբեկչական։