Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը․ Մայր Աթոռ

«Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը»,- հայտնեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, ընդգծելով, որ կեղծ են Դադիվանքի աղվանական լինելու մասին պնդումները։ Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավելևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ։

Ավելի վաղ տարածվել էր, ադրբեջանական կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի հայտարարությունը, թե հայ հոգևորականները պետք է հեռանան Խուդավենգից (Դադիվանք)։

Դադիվանքը քրիստոնեական ամենահին վանական համալիրներից է, գտնվում է Քարվաճառի շրջանում, որը համաձայն 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարության, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: