Անկարան արձագանքել է Երևանում «Նեմեսիսի» հուշակոթողի տեղադրմանը
Թուրքիան արձագանքել է օրերս Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակին նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը։
«Խստորեն դատապարտում ենք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումը, որը նվիրված է 1920-ական թթ․ սկզբին օսմանյան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև ժամանակաշրջանի ադրբեջանցի պաշտոնյաների և անգամ որոշ հայկական ծագումով օսմանցի քաղաքացիների դեմ իրականացված սպանությունները կատարողներին,- նշված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։- Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»։
Օրերս Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող է բացվել։
Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության պարագլուխներին ոչնչացրած հայ վրիժառուների ժառանգները:
Հիշեցնենք, որ հունական դիցարանի վրեժխնդրության աստվածուհու «Նեմեսիս» անունով կոչված գաղտնի գործողությունը նպատակ ուներ պատժելու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

