Գերմանիան որոշել է զանգվածաբար արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին. ՌԴ ԱԳՆ

ԳԴՀ-ի իշխանությունները որոշում են կայացրել Գերմանիայում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հերթական զանգվածային արտաքսման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Ռուսական գերատեսչությունը դատապարտում է Բեռլինի այդ գործողությունները` նշելով, որ Գերմանիան ցուցադրաբար շարունակում է ոչնչացնել ռուս-գերմանական հարաբերությունները, այդ թվում` դիվանագիտական ոլորտում։

Հայտարարության մեջ նշվում է, որ գերմանական կողմը, չնայած իր բազմաթիվ հավաստիացումներին, թե չի ցանկանում հանրայնացնել այդ սյուժեն, խախտել է դրանք` իր մտադրության մասին հայտնելով ԶԼՄ–ների ներկայացուցիչներին, որոնց պարբերաբար օգտագործում է «վերահսկվող արտահոսքերի» և ապատեղեկատվական «լցոնումների» կազմակերպման համար։

Ի պատասխան Բեռլինի թշնամական գործողությունների ռուսական կողմը որոշել է հայելային կերպով Ռուսաստանից արտաքսել գերմանացի դիվանագետներին և էապես սահմանափակել ՌԴ-ում գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների քանակը։

Այդ մասին պաշտոնապես տեղեկացվել է Ռուսաստանում ԳԴՀ դեսպան ֆոն Գայրը։