Բաքուն շարունակում է գերության մեջ պահել Հայաստանի 33 քաղաքացու. հաշվետվություն
Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Հայաստանի 33 քաղաքացու, նշվել է «Հայաստանի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի արդյունքների և կատարողականի ընթացքի մասին» հաշվետվությունում։
Հաշվետվության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, փորձում է հասնել անօրինական պահվող անձանց վերադարձն ապահովելու հարցի լուծմանը։ 2022թ. ընթացքում հաջողվել է Հայաստան վերադարձնել 31 քաղաքացու։
Ընդ որում՝ անհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի հարաբերություններում շարունակում է մնալ կարևորներից մեկը։ «Հայաստանի 975 քաղաքացու գտնվելու վայրը մնում է անհայտ։ Նրանցից 777-ը համարվում է անհետ կորած դեռ առաջին ղարաբաղյան պատերազմից, 196-ը՝ 44-օրյա պատերազմից և ևս երկուսը՝ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Հայաստանը հետևողականորեն հնչեցնում է բռնի անհետացումների, ինչպես նաև բանտարկյալների կտտանքների և զոհված զինծառայողների դիապղծման դեպքերը»,- նշվել է փաստաթղթում։

