Երևանի քաղաքապետի ընտրությունը չկայացավ․ նիստերի դահլիճում Լևոն Հովհաննիսյանը մենակ էր
Այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ավագանին արտահերթի նիստ էր հրավիրել, որի օրակարգում միայն Երևանի քաղաքապետի ընտրության հարցն էր, սակայն ավագանու անդամները չեն ներկայացել նիստին և դրա մեկնարկին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը նիստերի դահլիճում մենակ էր, քվորում չէր ապահովվել։
«Ղեկավարվելով Երևանի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետով՝ հայտարարվում է 30 րոպե ընդմիջում»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը։
Ընդմիջումից հետո, սակայն, քվորում չապահովվեց և նիստը համարվեց չկայացած։
«Հարգելի ներկաներ, Երևանի ավագանու արտահերթի նիստը, որը գումարվել էր քաղաքապետ ընտրելու հետ կապված, դարձյալ քվորում չի ապահովել, ուստի, հիմք ընունելով Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգի 114-րդ կետի երկրորդ ենթակետը, նիստը համարվում է չկայացած։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ապրիլի 4-ի նիստում որոշում էր կայացվել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օր նշանակել ապրիլի 11-ը:
Սակայն, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահի դրությամբ որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել: «Այս պահի դրությամբ մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ քաղաքապետի ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրության անհրաժեշտություն էլ չի լինի»,-հավելել էր նա:

