Ինձ մեղադրանք է առաջադրվել առանց իմ կարծիքն իմանալու․ Գագիկ Համբարյան
Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Շիրակի մարզից դատավորին վիրավորելու համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով իրեն մեղադրանք առաջադրելուն, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդամենն ասեմ, որ ինձ մեղադրանք է առաջադրվել առանց իմ կարծիքն իմանալու (չեմ հարցաքննվել)… Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը գնար և իմ դեմ ցուցմունք տար, որ ես, օրինակ՝ մարդասպան եմ, ապա ինձ մեղադրելու էին մարդասպանության մեջ առանց հարցաքննելու և իմ կարծիքն իմանալու… Դատախազությունը և ՔԿ-ն փաստացի իրենց այս գործելաոճով հաստատում են, որ պատվեր են կատարում իմ դեմ…
Ինչ վերաբերվում է դատավոր Լիլիթ Խաչատրյանին վիրավորելուն, ապա շատ ծիծաղելի է… Ստացվում է, եթե փաստեր և ապացույցներ ես ներկայացնում դատավորի գործունեության և գործելաոճի մասին, ապա դա վիրավորա՞նք է…
Դատավոր Լիլիթ Խաչատրյանի՝ գրագող՝ իմ վճիռից, որը կազմել է այլ դատավոր, բազմաթիվ էջեր ուղղակի արտատպման եղանակով իր քննած գործի մեջ ներառնելու, անգրագիտության և ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ բարձրաձայնել եմ 2018 թ-ի դեկտեմբերից և շատ զարմանալի է, որ այդ ամենի մասին Լիլիթ Խաչատրյանն իմացավ հիմա նոր՝ 5 տարի անց…
Ի դեպ, ՔԿ-ին և դատախազությանը խորհուրդ կտամ զերծ մնալ մանիպուլյացիաներից, թե բա դատավորի նախկինում քննած գործերից դժգոհելով եմ գրառումներ արել… Հետաքրքիր է, բա մյուս դատավորներից, որոնցից դժգոհ եմ, ինչու՞ նրանց վերաբերյալ գրառումներ չեմ անում…»,- նշել է նա։

