Ստամբուլում գնդակոծել են ընդդիմադիր «Լավ» կուսակցության գրասենյակը

Ստամբուլում թուրքական ընդդիմադիր «Լավ» կուսակցության տարածաշրջանային գրասենյակը գնդակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես դատապարտում եմ զինված հարձակումը «Լավ» կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա… Ակնկալում եմ, որ մեղավորները հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկվեն», – գրել է նա «Թվիթերում»:

Իմամօղլուն գրառմանը կցել է նաև գրասենյակի պատուհաններից մեկի լուսանկարը, որում երևում է ապակու վրա փամփուշտի անցքը:

Ստամբուլի նահանգի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Զեյթինբուրնու շրջանում։

«Կանչով դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները սկսել են զննել տարածքը։ Նախնական տվյալներով՝ արձակված գնդակները դիպել են կուսակցության գրասենյակի շենքին և հարակից բիզնես կենտրոնին», – ՏԱՍՍ-ը հատված է մեջբերում հայտարարությունից:

Հայտնաբերվել է գնդակի երկու անցք, կատարվում է հետաքննություն։

Հաղորդվում է նաև, որ «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները մտադիր է այցելել նշված գրասենյակ։ Նա հայտարարել է, որ չի վախենում սպառնալիքներից։