Վաճառվել է ոչ թե զորամաս, այլ ՊՆ-ին ամրակցված տարածք․ փաստաբան
Գլխավոր դատախազը վաճառված տարածքը ԱԺ-ում անվանել է զորամաս՝ գործին հնչեղություն տալու համար, քանի որ հանրությունը այլ կերպ է ընկալում, երբ ասում են, թե զորամաս է վաճառվել, և բոլորովին այլ կերպ, երբ ասում են՝ ՊՆ-ին ամրակցված տարածք է վաճառվել։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ հանրությանը ներկայացնելով, թե 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն իր պաշտոնավարման ընթացքում գնել է զորամասի տարածք, հանձնել 3-րդ անձի, հետո էլ գրավադրել այդ տարածքը բանկում, հայկական բանակի իրական գեներալներից մեկի բարի համբավը արատավորելու միտում ունի։
Նա ներկայացրեց իր վստահորդ Էդգար Արշակյանի սեփականության իրավունքի պատճենը, որտեղ, նրա խոսքով, նկարագրված շենք-շինություններից պարզ է դառնում, որ որևէ զորանոց, այսինքն զինվորական կացարան չկա, ինչպես ԱԺ-ում պնդում էր գլխավոր դատախազը։
«Այդ տարածքը երբևէ որպես զորամաս չի ծառայել։ Փաստացի այստեղ զորամաս չկա, կա ՊՆ-ին ամրակցված տարածք, որը ՊՆ-ն որոշել է վաճառել։ Գրիգորի Խաչատուրովն ընդհանրապես այս որոշման վաճառքի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Վերջին հինգ տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված զորամասերի տարածքներից 71 միավոր, այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել։ Երբևէ 60-րդ հոդվածով սահմանված գույքի անօտարելիություն սահմանված չէ։ Կա ընթացակարգ, որը պահպանելու պարագայում գույքի վաճառք իրականացնելը թույլատրելի է։ Այս պարագայում իրենք պնդում են, որ ընթացակարգը չի պահպանվել, ոչ թե իրավունք չունեին վաճառելու, այսինքն՝ ընթացակարգը պահպանեին, կարող էին վաճառել»,- ասաց Մ. Պողոսյանը։
Նա նշեց, որ այս պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում։
«Ամեն ինչ արվել է Խաչատուրովի՝ հայկական բանակի իրական գեներալներից մեկի բարի համբավը պախարակելու համար»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

